Տ. Մարգարյանը բանավիճելու չէր գնում, հրաժարական տվեց. հիմա ասում եք, որ եկել են առողջ, բանիմաց ուժեր, ինչո՞ւ չեն բանավիճում. Արամ Նավասարդյան

21:34 • 14.09.18

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ներկայացրած նախընտրական ծրագրերը նույնանման են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Ես մեծ ակնկալիքներ ունեի այս ընտրությունների հետ կապված: Հույս ունեի, որ սա կլինի ընտրություն, ոչ թե քվեարկություն: Հույս ունեի, որ սա կլինի ծրագրային ընտրություն, մարդիկ կհասկանային ծրագիրը, կվերլուծեին: Բայց սպասումներս ի չիք են դառնում, որովհետև ես տեսնում եմ գրեթե միանման ծրագրեր, ուժերը բարձրաձայնում են նույն խնդիրները, որոնք կրկնում են նախորդ քաղաքային իշխանությունների զարգացման տեսլականը»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Վերջինս նշեց, որ տրանսպորտային հարցի լուծման հետ կապված օրինակ բոլոր ուժերը ներկայացնում են այն մոտեցումը, որը ներկայացնում էր ժամանակին Տարոն Մարգարյանը:

«Կարծում եմ, որ ինչ ցանկանում է լսել մեր հասարակությունը, դա էլ բարձրաձայնում են: Մի քաղաքական ուժն ասում է՝ չենք հավատում մյուսին, մյուսը ասում է՝ չենք հավատում մեկ ուրիշին: Մեկը խոստանում է վերելակներ, մյուսն ասում է, որ մեծ վերելակը չես կարող փոքր շախտայում տեղավորել: Սա, իհարկե, դրական է, կարելի է դիտարկել որպես ծրագրերի բախում, բայց բանավեճերի պակաս կա»,- շեշտեց Ա. Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ ընտրությունը կատարվելու է անձերի մեջ: «Շատ կուզեի, որ լիներ ծրագրերի, գաղափարների պայքար: Ես չտեսա լիարժեք բանավեճեր, որտեղ ներկայացված կլինեն բոլորը: Երկրորդ, երրորդ դեմքը կարող է մի բան ասել, բայց առաջին դեմքերի մակարդակով բանավեճ չկա, այնինչ հենց առաջին դեմքերն են կառավարելու քաղաքը»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Փորձագետն ասաց, որ վերջին 10 տարիների ընթացքում ընդդիմությունը մշտապես քննադատում էր իշխանությանը, որ բանավեճեր չեն անցկացվում: «Ասում էին՝ ինչի՞ Տարոն Մարգարյանը մեզ հետ բանավիճելու չի գալիս: Շատ լավ, չէր գնում, հրաժարական է տվել, հիմա ասում եք, որ եկել են առողջ, բանիմաց ուժեր, ես ուզում եմ տեսնել այդ առողջ ուժերի քննարկումները, որ տեսնեմ՝ բանիմա՞ց են, արդյո՞ք ավելի լավն են, քան Տարոն Մարգարյանը: Ես չէի ուզենա, որ այդպես լիներ, բայց դրսևորվում են...»,- նշեց Ա. Նավասարդյանը: