Փարիզում մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)

15:59 • 14.09.18

Ֆրանսիայի Ելիսեյան պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանին Պալատի մուտքի մոտ դիմավորեց Էմանուել Մակրոնը: Նրանք հիմա՝ աշխատանքային ճաշի շուրջ, վարում են բանակցություններ:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ուղևորվելու է Փարիզի քաղաքապետարան, այնուհետ հանդիպելու է հայ համայնքի շուրջ 800 ներկայացուցիչների հետ:

ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Փարիզ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով է: 

Հայաստանի վարչապետը երեկվանից հանդիպել է ՀՀ համայնքի ներկայացուցիչների և Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների հետ։ Նա նաև ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ: 

Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նա հանդիպում է ունեցել «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ: ՀՀ վարչապետն այս հանդիպմանն անդրադարձել էր ՀՀ կառավարության տնտեսական տեսլականին` ասելով, որ գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի: 

«Եվ սա ընդամենը ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար մեծ մարդկային ռեսուրս կա և դրա նախադրյալները ստեղծված են: Վերջերս հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցում այս հանգամանքը հստակ ընդգծված է: Հայաստանն ինովացիաների մակարդակով այսօր գտնվում է ցածր տեղում, իսկ մարդկային ինովացիոն ընդունակությունների առումով շատ բարձր տեղում է: ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է. արդեն իսկ տարբեր ընկերություններ հետաքրքրություն ունեն գործունեություն ծավալելու մեր երկրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում: Մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել էր վարչապետը` երաշխավորելով, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծել բաց, անկեղծ, ազնիվ երկխոսության պայմաններում։