ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արվում քվեարկության դնել ցեղասպանության կանխման մասին բանաձևը

21:17 • 14.09.18

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը խնդրագիր է ստեղծել՝ կոչ անելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին և մեծամասնության առաջնորդ Քևին ՄքՔարթիին շուտափույթ քվեարկության դնել ցեղասպանությունների կանխման մասին H.Res.220 բանաձևը, որը հիմնվում է հայերին, հույներին, սիրիացիներին և այլ քրիստոնյա ազգերին վերացնելու Օսմանյան կայսրության ցեղասպանական արշավի օրինակի վրա:

Պալատի խոսնակը, մեծամասնության առաջնորդն ու փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին Կոնգրեսում իրենց ելույթների ժամանակ աջակցել են ԱՄՄ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բանաձևի համահեղինակների թվում են Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և հանձնաժողովի անդամ Էնգելը, Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դևին Նյունսը և անդամ Ադամ Շիֆը:

«Այսօր Թուրքիան միայնակ է: Կոնգրեսական փաստաբաններն ու պաշտպանները, որոնք մի ժամանակ Կապիտոլիումում աշխատում էին Թուրքիայի օգտին, այսօր իրենք իրենց համար են աշխատում», - շեշտել է ԱՆԿԱ-ի տնօրեն Արամ Համբարյանը:

H. Res. 220 բանաձևը մարդասիրական միջոց է, որը ներկայացնում է ինչպես մարդու իրավունքները, այնպես էլ ԱՄՆ ղեկավարության կրոնական ազատության դրույթները ցեղասպանության և այլ վայրագությունների կանխման հարցում: Այն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում ուշադրություն դարձնել Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության տված դասերի վրա: