ԱՄՆ-ում աշխատանքից ազատվելու պատճառով չորս մարդու սպանած բժիշկը մահապատժի կենթարկվի
ԱՄՆ Նեբրասկա նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել 45-ամյա Էնթոնի Գարսիային, որը վրեժից դրդված չորս մարդու է սպանել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը զոհերի թվում եղել է նաև 11-ամյա երեխա:
2008 թվականին Հանթերների ընտանիքին պատկանող տանը անհայտ անձը դաժանորեն սպանել է 11-ամյա Թոմաս Հանթերին և տան 57-ամյա աշխատակցուհուն՝ Շիրլի Շերմանին: Այդ ժամանակ ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել հանցագործին, սակայն հինգ տարի անց նույն կերպ սպանվել են նաև Ռոջեր Բրումբեքն ու նրա կինը՝ Մերին: Այս դեպքից հետո ոստիկանները զուգահեռներ են անցկացրել սպանության երկու դեպքի միջև և գտել կասկածյալին:
Պարզվել է, որ 2001 թվականին բժիշկ Էնթոնի Գարսիան ազատվել է աշխատանքից և այդ գործի հետ առընչություն են ունեցել Ռոջեր Բրումբեքն ու Քլեր Հանթերը՝ 11-ամյա Թոմասի մայրը: Դատախազների կարծիքով՝ այս կերպ Գարսիան վրեժ է լուծել իր ազատման համար:
Ի սկզբանե դատավորները դիտարկում էին ցմահ բանտարկության տարբերակը, սակայն լսումների ընթացքում որոշել են մահապատժի դատապարտել նախկին բժշկին:










