ԱՄՆ-ում 5 մարդ մահացել, հարյուրավոր բնակիչներ էլ արգելափակված են մնացել «Ֆլորենս» փոթորկի հետևանքով (լուսանկարներ)
Հինգ մարդ զոհվել, հարյուրավոր բնակիչներ արգելափակվել, հազարավոր մարդիկ էլ առանց էլեկտրականության են մնացել ԱՄՆ-ի հարավ-արևելյան ափերին հասած «Ֆլորենս» ուժգին փոթորկի պատճառով: Փոթորիկն ավերածություններ է առաջացրել Հյուսիսային Կարոլինայի ափերին, մի շարք ճանապարհներ հայտնվել են ջրի տակ, գրում է Daily Mail-ը:
Հյուսիսային և Հարավային Կարոլինայի, ինչպես նաև Վիրջինիայի որոշ հատվածների բնակիչներ նախազգուշացվել են, որ փոթորկի հետևանքով ջրհեղեղներ են գրանցվելու:
Հաղորդվում է, որ փրկարարների թիմերն ավելի քան 360 մարդ են փրկել Հյուսիսային Կարոլինայի Նյու Բերն քաղաքում, ևս 140-ը սպասում է օգնության՝ շրջապատված արագ բարձրացող վարարած ջրով:
Հյուսիսային և Հարավային Կարոլինայի ավելի քան 1,7 միլիոն բնակչի հրահանգվել էր տարհանվել մինչև փոթորկի մոտենալը, բայց հայտնի չէ, թե նրանցից քանիսն է որոշել, այնուամենայնիվ, մնալ տանը: Շատերը, որոնք մնացել են տարհանման գոտիներում, զղջացել են իրենց որոշման համար:
Փոթորկի ուժգնությունը մայրցամաքին մոտենալու ընթացքում նվազել է՝ հասնելով Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով առաջին կատեգորիայի, սակայն այն շարունակում է վտանգ ներկայացնել:




























