Փաշինյանը ցանկություն ուներ շահել Մակրոնի վստահությունը և վստահեցնել, որ այլևս նոր Հայաստանի հետ գործ ունեն․ Կայծ Մինասյան
Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ Ֆրանսիա այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակը մանրամասն բացատրելն էր, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, «թավշյա հեղափոխության» իմաստը ներկայացնելն էր, և ասելը՝ ուր է գնում Հայաստանը և ինչ նոր հանգրվաններ, մարտահրավերներ, պատասխանատվություն ունի այլևս իշխանությունն ստանձնած ՀՀ վարչապետը:
Նա Tert.am-ի հետ զրույցում ամփոփեց Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ՝ ներկայացնելով վարչապետի հանդիպումներից և հայտարարություններից ստացած իր տպավորությունը։
«Փաշինյանի նպատակը վստահեցնելն էր Ֆրանսիային, որ այլևս նոր Հայաստանի հետ գործ ունեն: Նիկոլ Փաշինյանը փորձում էր ցույց տալ, որ և՛ քանակով, և՛ որակով պետք է հայ–ֆրանսիական հարաբերությունները նոր աստիճանի անցնեն, նոր պարադիգմայով անցնեն, այսինքն՝ զգացական և բարեկամական մակարդակից տեղափոխվեն տնտեսական և ռազմաքաղաքական և քաղաքական ավելի բարձր մակարդակի»,- ասաց նա։
Կայծ Մինասյանը նկատեց, որ Փաշինյանն իր այցի ընթացում ցանկություն ուներ շահել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վստահությունը․ ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեք անգամ հանդիպելով, այնպես էլ Մակրոնի հետ հանդիպելով՝ Փաշինյանը հավաստիացնում է, որ կարող են իրեն վստահել: «Նա փորձում է ներկայացնել, որ նախորդ իշխանությունների համեմատ ինքը միայն չի խոսում կոռուպցիայի դեմ պայքարից, նաև գործում է դրա վերացման ուղղությամբ»,- ասաց նա։
Ինչպիսի՞ տրամադրվածություն ունի Ֆրանսիայի ղեկավարությունը ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ՝ հաշվի առնելով Մակրոնի ընդունելությունը: Կայծ Մինասյանը մատնանշեց՝ երկու երկրների առաջնորդները սերնդակիցներն են՝ Փաշինյանը՝ 42, Մակրոնը՝ 40 տարեկան է, բացի այդ, երկուսն էլ պետական ապարատից չեն եղել:
«Դրանք կարևոր են անձնական վստահության համար, որպեսզի ավելի հեռու գնան: Բացի այդ, Մակրոնը հավանում է Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս թափանցիկ քաղաքականության և խոսքի համար: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ազատ, հանգիստ մարդ է, ինքնավստահ է, և կարծում եմ՝ այդ հատկանիշներն էլ Մակրոնի մոտ վստահություն են ստեղծում Փաշինյանի նկատմամբ: Կարծում եմ՝ Փաշինյանի պես մարդկանց Մակրոնը հավանում է: Մակրոնը վստահության հիմքի վրա է հարաբերություններ ստեղծում»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է սպասել հայ-ֆրանսիական հարաբերություններում Փաշինյան-Մակրոն երկրորդ հանդիպումից, ֆրանսահայ փորձագետը նշեց՝ պետք է զարգացնել առաջին հերթին երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը և, իհարկե, նաև քազմաքաղաքականը:
«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է և կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում, ոչ միայն Հաստանում, այլ նաև՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և այլն: Ուզում եմ ասել, որ կարևոր է մեծացնել Հայաստանի արժեքը իբրև ինքնիշխան պետություն, որպեսզի նոր էջ բացվի հայ-ֆրանսիական հարաբերություններում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ցանկանում ենք, տնտեսական հարաբերությունները զարգանան, բայց արդյոք ֆրանսիացի գործարարները կցանկանան ներդրումներ անել Ֆրանսիայում՝ հաշվի առնելով «Վեոլիա ջրի» հետ կապված սկանդալը, Կայծ Մինասյանը պատասխանեց։
«Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Վեոլիա ջրի» հետ կապված խնդիրների մասին «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ: Նա շատ հստակ բաներ ասաց: Մակրոնի հետ էլ նույն թեմայով խոսելիս շատ հստակ էր, ասել է, որ այդ խնդրի մեջ «Վեոլիա ջուրը» ուղղակի կամ անուղղակի ձևով ոչ մի կապ չունի, Հայաստանում կան քաղաքացիներ, որ սխալներ են արել, որ վատ բաներ են արել և ինքնաբերաբար այդ պայմաններում «Վեոլիա ջրի» անունն է նշվել, բայց այդ ընկերության ղեկավարությունը ոչ մի կապ չունի կոռուպցիայի հետ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ մասին պարզաբանումներ տալով՝ Նիկոլ Փաշինյանը հանգստացրեց ոչ միայն Մակրոնին, այլ նաև ֆրանսիացի գործարարներին:
Կայծ Մինասյանը նաև նկատեց, որ հայ համայնքի հետ հանդիպմանն արցախյան հիմնախնդրին և Ադրբեջանի քաղաքականությանը վերաբերող կարևոր «մեսիջներ» հնչեցին Հայաստանի առաջնորդի շուրթերից, որոնք ուղղված էին առավել շատ Ֆրանսիային, քան ֆրանսահայ համայնքին: Ըստ նրա՝ Փաշինյանի ուշագրավ հայտարարություններից մեկը հետևյալն էր․ ԼՂՀ-ի հետ բանակցել չցանկանալով՝ Ալիևն ապացուցում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ դա կնշանակի իրենց ֆիզիկական ոչնչացում.
«Ամենակարևոր սկզբունքը Նիկոլ Փաշինյանի համար հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելն է, և դա շատ հետաքրքրական սկզբունք է, որովհետև ոչ միայն քաղաքական իրավունքներ կան՝ ինքնորոշման, տարածքային ամբողջականության և այլն, կա նաև մարդային սկզբունք, որն է՝ երաշխավորելն ու ապահովելն է հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ այստեղ ոչ միայն հողի, ոչ միայն արժանապատվության հարց կա, այլ ուղղակի՝ կյանքի»,- նշեց Մինասյանը՝ նկատելով, որ քառօրյա պատերազմից հետո է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կամաց-կամաց կոշտացել:
«Կամաց-կամաց հստակեցվեց, որ այլևս սպառնալիքի լեզվով խոսելը ՀՀ-ի հետ նախ անիմաստ է, բացի այդ՝ պատասխան կստանան: Հայաստանը կարող է մոբիլիզացնել իր ուժերը Արցախից մինչև Լոս Անջելես և հակահարված տալ: Դա պետք է հստակ հասկանան և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը, և իհարկե Ադրբեջանը․ հայերի հետ սպառնալիքի լեզվով խոսելու դեպքում հակահարված կլինի,- ասաց նա՝ նկատելով, որ Ալիևը պետք է հասկանա, որ եթե պատերազմ է ցանկանում, և եթե ուրիշ ելք չկա, ոչ միայն հայ ժողովուրդը հակահարված կտա, կպատասխանի պատերազմին, այլև կհաղթի,- որովհետև այսօր հայ ժողովրդի ինքնավստահությունն ավելի բարձր է: Ուրեմն ինքնաբերաբար հաղթանակի կգնանք: Եվ դրա մասին ադրբեջանցիները պետք է լավ մտածեն, հարցնեն՝ արդյոք կարո՞ղ են հաղթել: Ես վստահաբար կարող եմ ասել՝ չեն կարող: Նրանց ամբողջ պետությունն ու իշխանությունը մակերեսային է: Իմ խոսքը հիմնված է Ադրբեջանի պատմության և ներկայիս Ադրբեջանի քաղաքական կացության վրա: Ադրբեջանի իշխանության և ժողովրդի միջև վստահություն չկա: Ադրբեջանի իշխանությունները գիտեն այդ մասին, ադրբեջանցի ժողովուրդը ստիպողաբար է գնում պատերազմ»:










