Մեխիկոյում մարիաչի երաժիշտների պես հագնված հանցագործները սպանել են 5 մարդու

10:29 • 15.09.18

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի զբոսաշրջային թաղամասում լույս շաբաթ օրը հրաձգության հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ, ևս 7-ը վնասվածքներ են ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ MVS Noticias ռադիոկայանին հղումով։


Ինչպես պատմել են դեպքի ականատեսները, մարիաչի երաժիշտների պես հագնված հանցագործները դեպքի վայր են ժամանել մոտոցիկլետներով և Գարիբալդիի հրապարակում կրակ բացել մարդկանց վրա։ Տեղում մահացել է 3 մարդ, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում։ 


Այս հրապարակը համարվում է Մեխիկոյում մարիաչիների կենտրոնը։


Դեպքի վայր են ժամանել հանրային անվտանգության նախարարը, բազմաթիվ ոստիկաններ ու դատախազության աշխատակիցներ։ Հարձակման դրդապատճառները դեռ անհայտ են։ Հանցագործները որոնվում են։