Ձեզ ընդամենը պետք է եղել 2-3 րոպեանոց «ուժս ռոլիկ»՝ ահուսարսափ տարածելու համար. Նաիրա Զոհրաբյանը` ոստիկանությանը

15:51 • 15.09.18

Ես հասկանում եմ, որ բոլոր ժամանակներում ՀՀ ոստիկանությունը գործել է օրվա իշխանության կրնկի տակ, և կապ չունի՝ օրվա իշխանությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե հիմա Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ավագանու իրենց ցուցակի յոթերորդ համար Մարկոս Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները վերջինիս ասֆալտին էին պառկեցրել՝ պատճառաբանելով, որ շարասյունով է երթևեկել:

«Երևի առաջարկենք մեր ոստիկանությանը այսուհետ թաղումների, հարսանիքների տեղաշարժը կազմակերպել երթուղային տաքսիներով և մետրոյով, չնայած դժվար է պատկերացնել մետրոյում հանգուցյալին տեղափոխելը, բայց այլ տարբերակ չի մնում»,-ասաց նա:

«Պարո՛ն Օսիպյան, մի քիչ դանդաղ արձագանքեք վարչապետին կոչին, կամ արձագանքելուց առաջ էլ մտածեք՝ ինչ եք անում: Այլապես ինքներդ խախտում եք բազմաթիվ օրենքներ՝ ընդամենը հեռուստաշոու նախապատրաստելու համար: Եթե ավագանու մեր թեկնածուն օրենք է խախտել, ինչո՞ւ եք ձեր ռեպորտաժը նկարելուց հետո ասել՝ Մարկոս ջան, ազատ ես, կարող ես գնալ տուն: Ձեզ ընդամենը պետք է եղել երկու-երեք րոպեանոց «ուժս ռոլիկ»՝ ահուսարսափ տարածելու համար: Այս օրերին քանի՞ անմեղ մարդ փռվեց ասֆալտին, որպեսզի հանրության մոտ հեղափոխական էյֆորիայի դոզան բարձր պահեք: Այն, ցավոք սրտի, մարելու հատկություն ունի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց զբաղվել այն մեղադրանքներով, թե ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, քանի որ դա հարվածում է իր արժանապատվությանը, ինչն ինքը թույլ չի տա: «Եթե ոստիկանությունը չգնա ստահոդ ահազանգերի հետևից, ապա մենք անձամբ ենք իրավական գործընթաց սկսելու»,-ասաց նա:

ԲՀԿ ավագանու թեկնածու Արման Աբովյանն էլ նշեց, որ վերջին երեք օրվա ընթացքում փորձեր են կատարվում օգտագործել անիմաստ տեղեկատվական տեխնոլոգիաներ, քան որ որոշ ուժեր խուճապի մեջ են: «Որոշները փորձում են այս սոցիալական բնույթ կրող ընտրություններն ատամներով, մատներով քաշելով ներքաշեն ներքաղաքական դաշտ»,-ասաց նա և նշեց, որ քաղաքապետի ընտրությունները 99 տոկոսով սոցիալական են:

Ըստ նրա ընտրությունները քաղաքական դարձնողները ոչ մի բան չունեն ասելու սոցիալական դաշտում: «Մենք ոչ մեկին չենք սևացրել, չենք սևացնում և չենք սևացնելու, որ  դիվիդենտ շահենք, մեր նպատակն է որքան հնարավոր է Երևանը խելքի բերել»,- ասաց նա: