«Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ այլևս չկան արտոնություններ». Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Le Monde-ին

14:09 • 15.09.18

Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ չկան արտոնություններ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում:


Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով այցելել է Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Մամուլն այսօր ավելի ազատ է, քան երբևէ: Մեր երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ այլևս չկան արտոնություններ: Մենք կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ աննախադեպ պայքար ենք մղում: Այլևս չկան տնտեսական մենաշնորհներ: Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաք Երևանում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ, որոնք լինելու են պատմության մեջ ամենաազատը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե իշխանության գալուց չորս ամիս անց ինչ է նրան արդեն հաջողվել փոխել Հայաստանում:

Հայաստանի վարչապետը հավելել է, որ ի տարբերություն այլ հեղափոխությունների, առնվազն այն հեղափոխությունների, որ նա գիտի, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը չի հաջորդել տնտեսական անկում:

«Հակառակը, ցուցանիշները դրական են, կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գինը բարձրանում է, բանկերում ավանդները մեծանում են: Մենք կարողացել ենք հաստատել ուղիղ ժողովրդական ժողովրդավարական կառավարման նոր համակարգ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: