«Առողջ սունկ»-ը, Կոտայքի մարզպետարանն ու բյուրեղավանցիները հուշագիր են ստորագրել, վերջիններս կսպասեն մինչև սեպտեմբերի 20-ը

14:08 • 16.09.18

Սեպտեմբերի լույս 14-ի գիշերվանից «Առողջ սունկ» գործարանի Բյուրեղավանի մասնաճյուղի կոմպոստի արտադրամասի դեմ սկսված բողոքի ակցիան ավարտվել է երեկ, երբ կողմերը նոր հուշագիր են կնքել, իսկ բյուրեղավանցիներն էլ որոշել են սպասել մինչև սեպտեմբերի 20-ը և համոզվել՝ կատարում է իր պարտավորությունները տնտեսվարողը, թե ոչ։

Tert.am–ի հետ զրույցում բյուրեղավանցի Վահագն Հովսեփյանը մանրամասնեց, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

«Երեկ Բյուրեղավանի համայնքապետարանում ընկերության խորհրդի նախագահ Արեգ Գալոյանի , որոշ բնակիչների, ինչպես նաև փոխմարզպետի միջև եղավ քննարկում: Քննարկման թեման էր նախկինում քննարկված հուշագրի ստորագրումը: Քննարկվող կետերի թվում էր նաև մարզպետարանի համար՝  «Առողջ սունկ» ՍՊԸ-ի՝ այդ տհաճ հոտերի արտադրամասի տեղափոխմանն աջակցելու պատրաստակամությունը: Որոշ կետեր հանվեցին, ինչը, իմ կարծիքով, փաստաթուղթը թերի է դարձնում, դրա համար անձամբ չեմ ստորագրել այն: Բայց երեք կետով այդ հուշագիրը ստորագրվել է»,- մանրամասնեց բյուրեղավանցին:

Առաջին կետով՝ մինչև սեպտեմբերի 20-ը գործարանի սեփականատերը պետք է տեղադրի այնպիսի ֆիլտրերի համակարգ, որը 70-80 տոկոսով պետք է նվազեցնի արտանետումներն ու տհաճ հոտը, երկրորդ կետով, նա պարտավորվում է մինչև 2019 թ․ մայիսի 31-ը տեղափոխել այդ արտադրամասն այլ վայր ։Երրորդ կետով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստեղծելու 3 հոգանոց հանձնաժողով՝ կազմված բնակիչների, տնտեսվարողի ու մարզպետարանի ներկայացուցիչներից։ Մարզպետարանի ներկայացուցիչը պետք է իրականացնի գյուղի տարածքում արտանետումների մոնիթորինգ ու կողմերի պարտավորվածությունների կատարումը։

Հիշեցնենք,  որ նախկինում ևս  նման հանձնաժողով գործել է, բայց վերջում, երբ հանձնաժողովը տնտեսվարողին անհաճո որոշում է կայացրել,  տնտեսվարողը հայտարարել է, որ այդ հանձնաժողովը որևէ լիազորություն չունի։

«Ասել է, որ այդ հանձնաժողովը օրենսդրությանը հակասող գործունեություն է վարում և այլն։ Հիմա այս պահին ստորագրել է։ Ինչևէ, չեմ հավատում, բայց հույս ունեմ, որ սեպտեմբերի 20-ին այդ ֆիլտրերի տեղադրումից հետո միգուցե ինչ-որ բան փոխվի։ Բայց ինքը հստակ ասում է, որ դուք խանգարում եք իմ գործունեությանը, որ ես գույքային վնասներ եմ կրում, կտամ դատարան և այլն։ Ու իրեն չի հետաքրքրում մեր վնասը, ասում է՝ ի տարբերություն ձեզ, ես հաստատ կարող եմ ապացուցել, որ գույքային վնասներ եմ կրում »,- փոխանցեց Վահագն Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ բյուրեղավանցիների տարիների պայքարի արդյունքում, այս տարվա հունիսին, արդեն նոր քաղաքական իշխանությունների օրոք, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի  ներկայությամբ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի նախագահ Ա.Ազոյանը բյուրեղավանցիներին է ներկայացրել նոր ներդրվող կենսաֆիլտրերի բնութագրերը, որոնք պետք է նպաստեին հոտի ինտենսիվության նվազմանը, ապա՝ իսպառ վերացմանը։ Տեսչական մարմնի ղեկավարն էլ ընկերության նախագահին առաջարկել էր ողջամիտ ժամկետում վերացնել բնակչությանն անհանգստացնող հոտը, իսկ չվերացնելու դեպքում՝ կոմպոստի արտադրամասը տեղափոխել։

Բողոքի ակցիաները Բյուրեղավանում դադարել են մինչև սեպտեմբերի 20-ը, որպեսզի տեսնեն՝ Առողջ սունկ»-ը իր պարտավորությունները կատարում է, թե ոչ։