Փաշինյանը հեղափոխությունից հետո փորձում է ցույց տալ, որ հայերի համար հանգրվան է ստեղծվել ոչ միայն Հայաստանում և Ղարաբաղում, այլև Ֆրանսիայում, ԱՄՆ–ում և այլուր. Կ. Մինասյան
Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ հայ ժողովրդի համար հանգրվան է ստեղծվել ոչ միայն Հայաստանում, ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր:
Նման կարծիք հայտնեց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ Փարիզում հայ համայնքի հետ հանդիպմանը:
«Փաշինյանը ստեղծել է մի իրավիճակ, որ կարծես խաչմերուկի մեջ ենք գտնվում, որտեղ հայ ժողովուրդը, հայ ազգը պետք է ավելի ինքնավստահ լինի, ավելի մեծ պատասխանատվություն ունենա հանգիստ ապագա ունենալու վերաբերյալ»,- ասաց նա:
Նա ներկայացրեց, որ Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դահլիճը լեփ-լեցուն էր, խոսեց իր տպավորության մասին․
«Ես այնտեղ տեսա ֆրանսահայեր, Հայաստանի հայեր, տեսա լիբանանահայեր, տեսա հայ ժողովրդին: Այն փոքր տարբերությունները, որ կային և կան՝ գոնե մշակույթի պատճառով, տարբեր վայրերում ապրող հայերի միջև, կարծես վերացան, կարծես ինչ-որ բան կատարվեց այն գիշերը: Բոլորը միացան մեկ կետի շուրջ, որն է՝ մենք հայ ենք»,- ասաց նա:
Կայծ Մինասյանի նկատառմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստեղծեց (և ընթացի մեջ է դեռ դրա ստեղծումը- Կ․ Մ.) միջազգային հայկական «նեթվորք»՝ ցանց:










