Հնարավոր չէ լինել «մաֆիոզի» ու միաժամանակ հավատալ Աստծուն. Հռոմի պապը Սիցիլիայում դիմել է մաֆիայի ներկայացուցիչներին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիցիլիա կղզի կատարած այցի ժամանակ հրապարակավ դիմել է մաֆիայի ներկայացուցիչներին՝ կոչ անելով հրաժարվել հանցանքներով ու բռնությամբ լի կյանքից:
Ինչպես նշում է Reuters-ը, պոնտիֆիկոսը նկատել է, որ «Սիցիլիան ոչ թե պատվով, այլ սիրով առաջնորդվող բնակիչների կարիք ունի»:
Կաթոլիկների հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ «կազմակերպված հանցավորության անդամներից շատերը գնում են եկեղեցի ու երկրպագում են Աստծուն, սակայն իրականում հնարավոր չէ հավատալ Աստծուն ու միաժամանակ լինել «մաֆիոզի»»:
«Մի մարդ, որը «մաֆիոզի» է, չի կարող ապրել քրիստոնեական բարքերով, քանի որ նրա կյանքն Աստծո անունը վարկաբեկող սրբապղծություն է»-, հայտարարել է Պապը Պալերմոյում 80.000 հավատացյալների առջև ելույթի ժամանակ:
Հատկանշական է, որ ամեն անգամ, երբ Պապը վարկաբեկել է մաֆիային, ամբոխը ծափահարել է:
«Դիմում եմ մաֆիայի ներկայացուցիչներին՝ եղբայրնե՛ր ու քույրե՛ր, բավական է մտածեք միայն ձեր ու ձեր փողերի մասին: Դարձե՛ք առ իրական Աստված, Հիսուս Քրիստոս: Եթե դուք դա չանեք, ապա կկործանվեք ու կկրեք ամենամեծ պարտությունը»,- ասել է Հռոմի պապը:
Հայտնի է, որ իտալական Սիցիլիա կղզին համարվում է մաֆիայի ամենաազդեցիկ ու դաժան կլանների բնօրրանը:











