Շատ գործ ունենք անելու. Արտակ Զեյնալյանը և «Լույս» դաշինքի անդամները Նորք Մարաշում էին
Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Սբ. Աստվածածին եկեղեցու բակից «Լույս» դաշինքն այսօր սկսեց քարոզարշավը:
Դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն իր թիմակիցների հետ Խաչվերաց տոնով պայմանավորված, մտավ եկեղեցի, այնուհետև եկեղեցու բակում «Լույս» դաշինքի ցուցակում երկրորդ համարի թեկնածուն՝ Դավիթ Խաժակյանը, տեղում հավաքված բնակիչներին ներկայացրեց Արտակ Զեյնալյանին:
«Արտակ Զեյնալյանը «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն է, վստահ եմ, որ ճանաչում եք նրան, տարբեր առիթներով հանդիպել եք, և հուսով եմ, որ այս ընթացքում կծանոթանաք նաև մեր ծրագրերին»,- ասաց նա:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ այսօր կիրականացնեն որոշակի քարոզչական աշխատանքներ. «Շատ գործ ունենք անելու, պետք է ժողովրդին հուսադրել, միավորել, սպասելիք առաջացնել, որ շատ լավ է լինելու, դրա համար պետք է տրամադրել և այդ համոզմունքով բոլորի հետ աշխատել եղբայրաբար, բարեկամաբար: Բոլորիս լավ աշխատանքային օր եմ մաղթում»:
Նորք Մարաշի ԵԿՄ նախագահն էլ, ով Արտակ Զեյնալյանի մարտական ընկերն է, ասաց, որ Արտակ Զեյնալյանն Արցախյան պատերազմ անցած, լուրջ ճանապարհ անցած մարդ է. «Ինձ թվում է, որ Արտակ Զեյնալյանը կկարողանա ղեկավարել Երևան քաղաքը, ես ցանկանում եմ հաջողություն ձեզ ու բոլորիս»:
Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ երկրապահները չեն դադարել ծառայել երկրին, իրենք երբեք չեն տրտնջացել, չեն դարձել սպառող, «ինչպես եղել ենք, այնպես էլ մնացել ենք պայքարող»:
Այնուհետև «Լույս» դաշինքի անդամները շարունակեցին քայլել Նորք Մարաշ փողոցներում ներկայացնելով իրենց ծրագրերը:










