Ասֆալտին պառկեցնելն ուղիղ իմաստով չի ասված, դա նշանակում է զինաթափել, որը պայքար է օլիգարխների «զինված խմբավորումների» դեմ. վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթաշեն համայնքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում է իրականացնել «ռեյդեր»՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին: Փաշինյանի հայտարարության նպատակի, այն ուղիղ իմաստով ընկալելու, դրա նպատակի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ:
-Պարոն Բաղդասարյան, ի՞նչ է նշանակում պառկեցնել ասֆալտին երկու ժամվա ընթացքում: Այսինքն, եթե մարդը թիկնազորում է աշխատում, դա օրինախախտո՞ւմ է, և մարդուն պե՞տք է պառկեցնել ասֆալտին: Իսկ առավել օրինական հնարավոր չէ՞, գնալ, ստուգել փաստաթղթերը և այդ կերպ հայտնաբերել օրինախախտներին, ոչ թե տեսնել, որ թիկնազոր է, բռնել և պառկեցնել ասֆալտին: Դա մարդու աշխատանքն է: Ի՞նչ հիմքով մարդուն պառկեցնել ասֆալտին:
-Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է նկատի ունեցել վարչապետը, սակայն կարող եմ ներկայացնել ես, որպես իրավաբան, ինչպես եմ հասկացել իր ելույթի տվյալ հատվածից։ Բնականաբար, «ասֆալտին պառկեցնել» սահմանում օրենսդրության մեջ գոյություն չունի, դա փոխհարաբերական իմաստով է ասված, խոսքը վերաբերվել է զինաթափելու զինված խմբավարումներին, որոնք հանդես են գալիս որպես թիկնապահմաներ։
-Բայց բառի բուն իմաստով են անում:
-Բառի բույն իմաստով չեն անում, որովհետև խնդիրը հետևյալն է՝ կանխել ապօրինությունները: Երբ մարդն անօրինական կրում է զենք-զինամթերք, պետք է հատուկ միջոցներ կիրառել զինաթափելու համար, որն իր մեջ կարող է նախատեսել ասֆալտին պառկեցնելը, բերման ենթարկել և այլն: «Պառկեցնելն ասֆալտին» նշանակում է զինաթափել ապօրինի զենք կրողին: Այսինքն՝ բոլոր այն «գործարարները», «պատգամավորները», ովքեր ունեն «զինված խմբավորումներ», որոնք ներկայացվում են որպես թիկնապահներ, պետք է զինաթափել: Ինձ թվում է՝ շարքային Հայաստանցին ևս այդ կարծիքին է:
- Արձագանքից այդպես չի ստացվում, և բացի այդ երբ ասվում է՝ երկու ժամում, ինչպե՞ս ֆիզիկապես հասցնել ստուգել թիկնազոր ունենալու օրինական կամ անօրինական լինելը, տանել ոստիկանական բաժիններ և այլն:
-Վարչապետը շատ հստակ ձևակերպեց իր միտքը, որ խոսքը վերաբերում է բացառապես օրինական գործողություններին, որ գործողությունները պետք է կատարվեն բացառապես օրենքով նախատեսված ընթացակարգերով: Սակայն ես ևս տեսել եմ, որ սոցիալական ցանցերում, կան օգտատերեր, որոնք գրում են ճիշտ հակառակը: Ընկալման խնդիր է, բացի այդ անհասկանալի է՝ իրենք իրական օգտատերեր են, թե «ֆեյքեր», բացի այդ Հայաստանում ապրում են նախկին իշխանությանն անվերապահորեն ծառայող մարդիկ, որոն,ք բնական է, որ պետք է դժգոհություն հայտնեն, և անպայման կլինեն մարդիկ, որոնք ճիշտ չեն ընկալել ՀՀ վարչապետի մեսիջը: Ես կարող եմ արձանագրել, որ ճնշող մեծամասնությունը ճիշտ է ընկալել ՀՀ վարչապետի խոսքը և դրական է արձագանքել, սա իմ անձնական դիտարկումն է։
-Պարոն Բաղդասարյան, հենց ասվեց երկու ժամվա ընթացքում անել որևէ գործողություն: Այսինքն՝ ամենուր կան անօրինական պահվող թիկնազորներ, պարզապես վարչապետը պետքէ ասեր, իսկ եթե ոչ՝ ապա երկու ժամում ինչպե՞ս հայտնաբերել, ստուգել և այլն: Դրա համար Տեյրանի փողոցում ասֆալտին պառկեցրին:
-Դա ասվել է, որպեսզի ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կատարեն գործողություններ, որպեսզի ապօրինի զենք կրողները զինաթափվեն: Իմ կարծիքով՝ ակնհայտ է, որ վարչապետի խոսքը վերաբերվել է հայտնի գաղտնալսումներին։ Իմ կարծիքն է, որ հայտնի գործողությունները՝ գաղտնալսումները, որոնք կատարվել են այս պահին անհայտ անձանց կողմից, ուղղված են եղել պետության անվտագության դեմ, և ես նորմալ եմ համարում, որ պետության ղեկավարը հանձնարարում է կարճ ժամկետներում զեկուցել իրեն արդյունքների մասին։ Բացի այդ պետք է հասկանալ, որ այդ ելույթի ունկնդիները միայն այնտեղ կանգնած մարդիկ չեն, նաև այլ պետությունների, նաև մեր թշնամի երկրի՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, պետական և ոչ պետական ԶԼՄ-ները են, և կարծում եմ՝ ՀՀ վարչապետը բոլորին ուղարկեց իր մեսիջը, որ ՀՀ-ն չի հանդուրժի որևէ հանցագործություն, առավել ևս պետության անվտանգության դեմ ուղղված և հանցագործության հետ առնչություն ունեցող ցանկացած անձ կրելու է պատասխանատվությունը։ Եթե վարչապետն ասում է՝ երկու ժամում, դա նշանակում է՝ երկու ժամում պետք է իրեն զեկուցեն արդեն իսկ ձեռք բերված արդյունքների մասին: Ես համոզված եմ, որ այդպես էլ եղել է։
Մեր պետությունում կարիք չկա՝ մարդը պահի «զինված խմբավորումներ» իրենց ներկայացնելով որպես թիկնապահներ։ Տարիներ շարունակ այդ երևույթը եղել է Հայաստանում, ՀՀ վարչապետն ուղղակի ասաց «վերջ» և հանձնարարեց իրավապահ մարմիններին իրականացնել իր հանձնարարականը։ Ես չեմ տեսել՝ որևէ զարգացած եվրոպական երկրներում գործարարները շրջեն իրենց թիկնապահներով, սա լուրջ հոգեբանական ազդեցություն է թողում և՛ բնակչության, և՛ հյուրերի վրա։ Ես ևս համամիտ եմ, որ այդ երևույթին պետք է վերջ դնել Հայաստանում։ Օրինակ կարող եմ բերել Վրաստանը, որտեղ հեղափոխությունից հետո նման երևույթ չես տեսնի։
-Հասկանալի է, որ պայմանավորված էր այդ ձայնագրության հրապարակմամբ, սակայն տարբեր ընկալում կա:
-Չեմ կարծում, որ տարբեր ընկալում կա, չեմ կարծում, որը որևէ մեկը, օրինակ դա կպայմանավորի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների հետ:
Խոսքը վերաբերում էր ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի գաղտնալսմանը, որն, ինչպես ներկայացրեցի, վերաբերում է պետության անվտանգությանը, և հետևաբար վարչապետի հանձնարարկանը չի կարելի ընկալել այլ դեպքերի կամ իրողությունների հետ կապված։ Հակառակը՝ պետք է ամեն ինչ անել, որ նախընտրական գործընթացին այդ հանցագործությունը չխանգարի, քանի որ այդ հանցագործությունը իրականացնողներն, իմ կարծիքով, նաև նպատակ են ունեցել խոչընդոտելու նախընտրական գործընթացին։ Իմ դիտարկմամբ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ճիշտ են ընկալել ՀՀ վարչապետի մեսիջը։
-Օրինակ՝ գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորն էր բերման ենթարկվել, որոնք, ըստ խոսնակի հայտնածի՝ բոլոր փաստաթղթերն ունեցել են և ազատ են արձակվել:
-Կոնկրետ դեպքին ծանոթ չեմ, բայց երևույթը, որ գործարարը քաղաքում շրջում է թիկնապահների հետ, և դա ցուցադրական է արվում, դրան, իմ կարծիքո,վ պետք է վերջ տրվի, մենք չենք կարող ապրել ազատ երկրում, սակայն հին բարքերով։
-Իսկ գուցե այդ դեպքում օրենքում փոփոխությունների կարիք կա՞, որ չթաքնվեն այդ օրինական փաստաթղթերի հետևում:
-Հնարավոր է, որ օրենքներում փոփոխությունների կարիք կա, ես հատուկ չեմ ուսումնասիրել այդ ոլորտը, բայց կարծում եմ՝ ավելի շատ հասարակության մոտ այդ երևույթի վերաբերյալ նոր ընկալումների կարիք կա, հեղափոխությամբ հռչակվել է ժողովրդավարական ռեժիմի հաստատումը, հետևաբար, մարդիկ Հայաստանում պետք է ապրեն հավասարության սկզբունքների հիման վրա, «թիկնապահների բանակ» պահելը համահունչ չէ հեղափոխության տրամաբանության հետ։
-Բայց, այնուամենայնիվ, եթե մարդն ասում է ՝ունի օրինական փաստաթուղթ, բայց իրականացնում է այլ գործունեություն, ինչպե՞ս կանոնակարգել:
-Այդ հարցին արդեն ՀՀ վարչապետը պատասխանել է. «Ես ուզում եմ ասել, որ դա դավադրություն, հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ: Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանն ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադրությունը կազմակերպողներին և ենթարկել ամենախիստ պատասխանատվության»։










