ԲՀԿ-ն հայտարարում է պատերազմ այն հուսահատությանը, աղբին, այն պայմաններին, որում մեզ արդեն 30 տարի ստիպում են ապրել, ուրիշ պատերազմ մենք չունենք. Արման Աբովյան
Մի լավ հայերեն արտահայտություն կա՝ մի տանից չենք, մի հալի ենք: Նոր Նորքում այսօր Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում ասաց ավագանու ԲՀԿ–ական թեկնածու, կուսակցության երրորդ համար Արման Աբովյանը:
«Բոլորս էլ նույն տխրահռչակ «մարշրուտկեն» ենք նստում, բոլորս էլ նույն վերելակն ենք նստում մտածում կհասնե՞նք տեղ, թե՞ կընկնենք ներքև»,- ասաց նա:
Աբովյանի գնահատմամբ՝ այսօր քաղաքն աղետի մեջ է բոլոր առումներով` տրանսպորտի աղետ, բնապահպանական աղետ: Նա նկատեց, որ սոցցանցերում շրջանառվում է, թե ահա Հայաստանում նախընտրական պատերազմ է, կուսակցությունների անուններ են հնչեցվում:
«ԲՀԿ-ն հայտարարում է պատերազմ այն հուսահատությանը, աղբին, այն պայմաններին, որում մեզ արդեն 30 տարի ստիպում են ապրել, ուրիշ պատերազմ մենք չունենք: Մենք դատապարտված ենք հաղթելու»,- ասաց նա և ներկայացրեց իրենց քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հատկանիշները:
«Եթե մենք ուզում ենք մեր իրավիճակը շտկել, եթե ուզում ենք ապրել արժանապատիվ, ուրեմն՝ միանշանակ Նաիրա Զոհրաբյան»,- ասաց նա:










