Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի համար ավելի հարմար հակառակորդ է, քան Սերժ Սարգսյանը. Ա. Բաղդասարյան (տեսանյութ)

21:42 • 17.09.18

Ես չեմ կարծում, թե ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում քարը ավելի շատ ԲՀԿ «բոստանն» են գցում, ավելի շատ թիրախավորված է «Լույս» դաշինքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

«Բայց հետագայում ԲՀԿ-ի կողմն էլ սլաքներ ուղղեցին, կարծում եմ՝ պատճառն է այն, որ արդեն ակնհայտ է, թե որ ուժերի մեջ է լինելու մրցակցությունը: Եվ, ըստ էության՝ այս երեք ուժերի կողմից էլ լինում են փոխադարձ սուր գնահատականներ: Հասկանալի է, թե ինչու է այդպես, որովհետև, եթե ընտրությունը, քարոզչությունը չտեղափոխվեր «սև ու սպիտակի» դաշտ, ապա հասկանալի է, որ «Իմ քայլը» դաշինքի թկենածուն` Հայկ Մարությանը, որպես քաղաքապետի թեկնածու լավագույն դիրքերում չէ, լավագույնը չէ, ղեկավարման, մենեջեմենթի, բանավեճի տեսանկյունից նա շահական վիճակում չէր լինի, իսկ երբ բանավեճը տեղափոխվում է «սև ու սպիտակի» հարթություն, ապա նրա շանսերն ավելանում են»,-մանրամասնեց քաղաքական վերլուծաբանը:

Արմեն Բաղդասարյանի խոսքով` ստացվում է, որ Հայկ Մարությանին պետք է ձայն տան ոչ թե նրանք, ովքեր ուզում են նրան քաղաքապետի պաշտոնում տեսնել, այլ նրանք, ովքեր ուզում են տեսնել հեղափոխական ուժի հաղթանակը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասաց:

«Հեղափոխության հաղթանակին կողմ են, ասենք՝ 80 տոկոսը, իսկ կոնկրետ Հայկ Մարությանին՝ 40, և քարոզչությունն այդ հունով տանելը բարձրացնում է դաշինքի շանսերը: Հենց դա է պատճառը, որ սրվում է տոնայնությունը, քարոզարաշավը: Սա կոնկրետ մշակված քարոզչական ծրագիր է, որը, վստահ եմ, որ հաջողություն կբերի»,- նշեց նա:

Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ հասարակությունը պետք է ընտրություն կատարեր ծրագրերի միջև, բայց քանի որ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է, այնպես է ստացվել, որ քաղաքական լուրջ բախումներ են, Երևանի կառավարման թեմաները մղվել են երկրորդ պլան, կապ չունի՝ հանրահավաքին «Մարտի 1-ի» գործ են քննարկում, թե օլիգարխների թիկնապահներին գետնին «փռելու» հարց, այդ ամենը ծառայեցնում են հեղափոխության և հակահեղափոխության շրջանակներում քարոզչությանը:

«Հարցը ներկայացվում է այնպես, որ խնդիրը ոչ միայն հեղափոխական կամ հակահեղափոխական ուժերն են, այլև «հանցագործ ուժերը», որոնց դեմ պետք է քվեարկեն»,- շեշտեց նա:

Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ «հանցագործ, հակահեղափոխական ուժերին» հորդորում են փնտրել բոլոր ուժերում, բացի ՔՊ-ից:

«Խոսքը նաև ՀՅԴ-ի մասին է. եթե հավատանք տեղեկություններին՝ այս ուժին անվերպահորեն աջակցում են քոչարյանական ուժերը»,- նշեց նա:

Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի հարմար է որպես հակառակորդ ունենալ Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե Սերժ Սարգսյանին, քանի որ ամեն դեպքում Սերժ Սարգսյանը քաղաքական մեծ թիմ ունի, իսկ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն քաղաքական մեծ թիմ չունի, այլև հասարակության աչքում հանցագործության մեջ է թաթախված, աջակցություն չի վայելում:

Մանրամասները` տեսանյութում: