Տիգրան Աբգարյանը չէր կարող սպանվել հատուկ ջոկատայինների գնդակից, դեպքի վայրում հատուկ ջոկտայիններ չեն եղել. Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար
Ես այս օրերն «Մարտի 1-ի» գործով հարցաքննության չեմ հրավիրվել, բայց պատրաստ եմ համագործակցել գործի բացահայտման համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը` «Շերիֆը»: Նա ընդգծեց, որ ինքը 2008թ.-ին է հարցաքննվել է:
«Հիմա էլ, եթե հարցաքննվեմ, իմ ասածների բովանդակությունը չի փոխվի. ասել եմ այն, ինչ տեսել եմ»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ Տիգրան Աբգարյանը չէր կարող զոհվել հատուկ ջոկատայինի գնդակից, քանի որ հատուկ ջոկատայիններ այդ ժամանակահատվածում դեպքի վայրում չեն եղել:
«Անսխալ ոչ մեկը չկա, տարածածը նաև պետք է ապացուցվի, ես չգիտեմ՝ ինչ են ասել, բայց ես գիտեմ էն, ինչ կատարվել է իմ ներկայությամբ, կա ժամանակագրություն՝ երբ, ինչ է կատարվել, հիմա հարկավոր է դրանց ծանոթանալ, հետո նոր հայտարարություն անել»,-շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Մարտի մեկի դեպքերի ժամանակ իր մեղավորությունը չի ունեցել, այս օրերին Տիգրան Աբգարյանի մայրը ԶԼՄ-ների հետ զրույցում պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանից հետո իր որդու մահվան համար պատասխանատվության պետք է ենթարկվի նաև ինքը, քանի որ որդուն սպանել են արտակարգ դրություն մտցնելու համար, գեներալ-լեյտենանտն ասաց.
«Ես շատ ցավում եմ, որ Տիգրան Աբգարյանի մորը սխալ բաներ են ասել, Տիգրան Աբգարյանը զոհվել է մարտի 1-ին՝ բավականին ուշ երեկոյան, երբ համարյա ամեն ինչը ավարտվում էր, վերջին կրակոցներից մեկի ժամանակ: Այն, որ արտակարգ դրություն մտցնելու կամ ինչ-որ նպատակով ինչ-որ մեկը կարող էր նրան սպանած լինել, ընդհանրապես չի համպատասխանում իրականությանը»,-նշեց նա:
Գրիգոր Գրիգորյանը այլ հարցերի չցանկացավ պատասխանել` նշելով, որ դրանք ծավալուն թեմաներ են և հեռախոսային խոսակցության ենթակա չեն: Նա միայն շեշտեց, որ իր և իր ենթակաների գործողությունները եղել են օրենքի շրջանակում:










