Ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են անցկացնում «Yerevan.today»-ի խմբագրությունում (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին խուզարկություն են անցկացնում «Yerevan.today» կայքի խմբագրությունում: Այս մասին Tert.am-ին հայտնեց կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը: «Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հաղորդել, ավելի ուշ կներկայացնեմ»,-ասաց նա:
Ինչպես տեղեկացնում է «Yerevan.today»–ը, իրավապահ մարմինների աշխատակիցները կայքի լրագրողներին թույլ չեն տալիս ներս մտնել, խմբագրության աշխատանքն ամբողջապես խաթարված է։ Խուզարկություն է իրականացվել նաև կայքի սեփականատիրոջ բնակարանում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ կայքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.
«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:
Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները:
Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն:
Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Շնորհակալություն:
Հ.Գ. Եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա՞ ասուլիսի մասին ոնց ենք իմացել
Ուշադիր նայեք լուսապատճենին»։
Խուզարկության առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաև ՔԿ-ն:
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,– ասված է հաղորդագրության տեքստում։










