Բրյուսելում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա
Բրյուսելի Մաքսիմիլիան զբոսայգում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա, հայտնում է VRT հեռուստաալիքը:
Ոստիկանները զբոսայգում հայտնաբերել են քնած տղամարդու և խնդրել են նրան հեռանալ: Նա դուրս է հանել դանակը և հրաժարվել է այն վայր գցել իրավապահների պահանջից հետո: Տղամարդը դանակով հարվածել է ոստիկանին, ինչից հետո նրա ուղղությամբ կրակ է բացվել: Հաղորդվում է, որ հարձակվողի դեմ կիրառվել են նաև մահակներ և արցունքաբեր գազ:
Ոստիկանը թեթև վնասվածք է ստացել: Հարձակվողը վիրավորվել է կրծքի և ոտքի հատվածներում, ինչից հետո ծանր վիճակով հոսպիտալացվել է:
«Կասկածյալի ինքնությունը, ինչպես նաև հարձակման շարժառիթը դեռ պաշտոնապես հաստատված չեն: Բայց հիմքեր չկան մտածելու, որ դա ահաբեկչություն էր»,- ասել է Բրյուսելի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ինե վան Վիմերշը:
Այժմ իրականացվում է քննություն ոստիկանի վրա հարձակման, ինչպես նաև ոստիկանության կողմից հրազենի կիրառման փաստի առնչությամբ:
Դեպքի վայրում աշխատում են քննիչները և փորձագետները:










