Հրազդանում շենքի պայթյունի փաստով հարուցված քրեական գործով տարբեր վարկածներ են շրջանառում, որոշ հանգամանքներ արդեն իսկ պարզվել են. ՔԿ

14:13 • 17.09.18

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի բազմաբնակարան շենքում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված է  քրեական գործ, կատարվում է քննություն, նախնական տվյալները ստուգվում են:

Այս մասին  Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Հիշեցնենք, որ ԱԻՆ աշխատակիցները պայթյունի վայրում հայտնաբերել էին ժամացույց՝ միացված էլեկտրական լարերով, 4 էլեկտրական և 4 կրակային ճայթիչ պայթուցիչներ, ավտոմեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ՝ մարտկոցով, որոնք նախատեսված են եղել պայթեցման համար։

Հարցին, թե ինչ տվյալների մասին է խոսքը, Սոնա Տռուզյանը պատասխանեց. «Դեռևս չեմ կարող հրապարակել»: Ինչ վերաբերում է, թե ինչ վարկածներ են շրջանառում, ապա ՔԿ նախագահի խորհրդականն ասաց, որ տարբեր, որոշ հանգամանքներ արդեն իսկ քննության ժամանակ պարզվում են:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 185-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը և ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: