Պորոշենկոն դադարեցրել է Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայմանագիրը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ 1997թ. ստորագրված Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագրի դադարեցման մասին որոշումը: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը:
«Ուկրաինայի ԱԳՆ-ն պետք է Ռուսաստանի Դաշնությանը հայտնի ՌԴ-ի հետ բարեկամության մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու Ուկրաինայի ցանկության մասին՝ համաձայն գործող պայմանագրի 40-րդ հոդվածի և հաստատված կարգով Ուկրաինայի նախագահի դիտարկմանը հանձնի Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին Ուկրաինայի օրենքի նախագիծը»,- ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման համաձայն՝ ԱԳՆ-ն պետք է իրազեկի ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին պայմանագիրը դադարեցնելու Ուկրաինայի ցանկության և դրա դադարեցման հիմքերի մասին:










