Դոնբասում կործանված Boeing 777-ը խփվել է Ուկրաինային պատկանող հրթիռով. ՌԴ ՊՆ

14:08 • 17.09.18

Հրթիռը, որով Դոնբասում խոցվել էր MH17 չվերթն իրականացնող Boeing 777 օդանավը, պատկանել է Ուկրաինայում գտնվող զորամասին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռա-հրետանային վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պարշինը, գրում է meduza.io-ն:

Նախարարությունը պարզել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրի համար նախատեսված  հրթռիը, որով կործանվել է Boeing 777-ը, 1986թ. դեկտեմբերին փոխանցվել է Ուկրաինայի զորամասերից մեկի զենիթահրթիռային ջոկատին: Այժմ այդ զորամասը շարունակում է գտնվել Ուկրաինայում: Նշվում է, որ առկա են հրթիռի վերաբերյալ համապատասխան արխիվային փաստաթղթեր, որոնք ՌԴ պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է:

Հիշեցնենք, որ միջազգային քննչական խումբը մայիսի 24-ին նոր զեկույց է ներկայացրել Դոնեցկի շրջանում 2014թ. «Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման մասին: Քննիչները եկել են եզրահանգմանը, որ «Բուկ»-ը, որից խոցվել է ինքնաթիռը, պատկանել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկ քաղաքի 53-րդ զենիթային բրիգադին: Սակայն Ռուսաստանը հերքել է Boeing 777-ի կործանմանն իր ներգրավվածությունը:

Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական Boeing 777-ը կործանվել է 2014թ. հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի օդային տարածքում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, որոնք զոհվել են: