Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը և վերջնականը անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ. Է. Աղաջանյան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպես առաջարկներ մի քանի տարբերակներ ենք ուղարկել 3-րդ նախագահի գրասենյակ, բայց բոլորը մերժվել են: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից մատնանշվող խնդիրները կապված են անվտանգության հետ:
«Ըստ այդմ, մենք նրանցից ենք հայցել, որպեսզի տարբերակներ ուղարկեն մեզ: Առայժմ մեզ որևէ բան չի ուղարկվել, և հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը՝ հավանաբար, այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը. մենք նախորդ նախագահների տրված գույքի համեմատ կընտրենք ամենահարմար և ամենաադեկվատ գույքը: Դա կառաջարկենք, և դա կլինի մեր միակ և վերջնական առաջարկն անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասաց Է. Աղաջանյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ մոտ օրերս նման առաջարկով հանդես կգան:
Հիշեցնենք, որ Կառավարության ձևավորման առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել էր զբաղվել 3-րդ նախագահին բնակարան տրամադրելու հարցով:
Հրաժարականից 5 ամիս անց Սերժ Սարգսյանը շարունակում է բնակվել կառավարական ամառանոցում:
Էդուարդ Աղաջանյանը նաև նշեց, որ բոլոր 3 նախագահները հրավիրված են լինելու սեպտեմբերի 23-ին կայանալիք անկախության օրվա միջոցառմանը:










