Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում. միայն ժողովրդահաճո որոշումներ կայացնելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով խնդիրները չեն լուծվում. Գևորգ Գրիգորյան
Առողջապահության նախարարության բարենպաստ պայմանը առաջնահերթ առողջապահության համակարգի բավարար ֆինանսավորումն է, որը չի եղել նախորդ կառավարության օրոք, չկա նաև հիմա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ուրոլոգ, անդրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած՝ ՀՀ որդեգրած ռազմավարության առաջնահերթություններին և հայտարարությանը, թե ներկայումս Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծվում առողջապահական համակարգի հետագա բարեփոխումների համար:
«Մինչ այս 2 տնօրեն է ազատվել աշխատանքից, խորհրդականներ են նշանակվել, և չեմ կարող ասել, որ տնօրենները անբարենպաստ պայմաններ կարող էին ստեղծել առողջապահության համակարգի գործունեության հետ կապված: Այն, որ շեշտվում է, թե ֆինանսներ են ավելացվելու, կենացների շարքին է պատկանում»,- ասաց նա և նկատեց, որ ունենալով այդքան արտաքին պարտք՝ իրատեսական չէ, որ ավելացվի ֆինանսավորումը առողջապահության ոլորտում, սակայն այլ բան է, որ ֆինանսները ավելի ռացիոնալ օգտագործվեն:
«Չորս ամիս է անցել, որ ոլորտը նոր ղեկավարության ներքո է աշխատում, այսօր ունենք հոգեբուժության օրենքի բարեփոխումներ, հակածխախոտային օրենք, որը e-draft.am կայքում դրվեց առանց կողմ կամ դեմ քվեարկելու հնարավորության, ինչը ժողովրդավարության կոպիտ խախտում էր: Հակածխախոտային օրենքը նախարարության կողմից ուղիղ կերպով արվող լոբբինգ է՝ ի շատ տեղական արտադրողի : Հասկանում եմ, որ այդ արտադրողն առաջիններից մեկն է հայտարարել, որ հեղափոխության կողքին է կանգնած:
Բազմիցս շեշտել եմ, որ ներկայացվող ծրագրերը հանդիսանում են նախորդ կառավարության սկսած ծրագրերի շարունակությունը, և եթե, օրինակ, պարոն Թորոսյանը շարունակում է էլեկտրոնային առողջապահությունը՝ ձեռք բերելով հայկական արտադրության համակարգիչներ, դա չի նշանակում, որ դա իր սեփական նախագիծն է»,- ասաց նա:
Գևորգ Գրիգորյանը, խոսելով նախարարի ներկայացրած առաջնային պահպանման օղակի հզորացման, սքրինինգային ծրագրերի մասին, ասաց, որ բուժաշխատողները լիահույս են, որ մի բան կստացվի, բայց ըստ նրա՝ դժգոհության ալիքը բավականին մեծ է, և իր կոլեգաները գանգատվում են, որ փոփոխություն չկա, բայց ներկայացվում է որպես փոփոխություն:
Անդրադառնալով առաջնային բուժօգնության աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը՝ 10-15 տոկոսով, նա ասաց, որ դա արվում է բնակչությանը հասնող անվճար դեղերի կրճատման հաշվին:
«15 տոկոս բարձրացումը կազմելու է 8-11 հազար դրամ, որը կոռուպցիոն ռիսկը չի վերացնում: Այդ բարձրացման պարագայում բուժաշխատողը ոչ թե հարկվելու է նախորդ 23 տոկոսի չափով, այլ արդեն հարկման շեմը բարձրանում է, և եթե դրան գումարում ենք սոցիալական վճարը, ստացվում է շատ փոքր գումար: Այսօր տասը հազար դրամով ի՞նչ կարող ենք անել. հասկանում եմ, որ բանանը բավականին էժան է, բայց տասը հազար դրամով որքա՞ն բանան ուտենք, ի՞նչ կենցաղային հարց կարող ենք լուծել»,- ասաց նա:
Բժիշկը նշեց, որ պետք է ունենանք նախարար, որը հասկանում է, որ ոլորտի քաղաքականությունը պայմանավորված չէ միայն իր ընկերներին կամ ընկերների ընկերներին աշխատանքով ապահովելու մեջ:
«Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում, քանի որ միայն ժողովրդահաճո որոշումներ կատարելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով ոլորտում խնդիրները չեն լուծվում: Մենք օգտվում ենք նախորդ կառավարության բարքերից՝ քննադատելով նախորդ կառավարությունը, ժողովրդավարական լեզվով ասած՝ դա ուտել– ուրանալ է»,- ասաց նա:










