Փողով լի ճամպրուկները բերվել են նրա տուն. Արգենտինայի նախկին նախագահին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել

13:02 • 18.09.18

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ղեկավարել է կոռուպցիոն մեծ ցանց, որն առնվազն 87 անգամ փողով լի ճամպրուկներ է բերել երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող նրա տուն: Այդ մասին է վկայում երկուշաբթի նրա դեմ ներկայացված մեղադրանքը, հայտնում է The Guardian-ը:

Դաշնային դատավոր Կլաուդիո Բոնադիոյի կողմից ներկայացված կոռուպցիոն մեղադրանքը  Արգենտինայի նախկին նախագահի դեմ ներկայացված առաջին նման խոշոր մեղադրանքն է:

Մեղադրանքի համաձայն՝ Քիրշները 2007-2015թթ. նախագահի պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում կաշառք է ստացել շինարարական ընկերություններից՝ հանրային աշխատանքների պայմանագրերի դիմաց:

Մեղադրանքում նշվում է, որ կոռուպցիոն ցանցը, որում ընդգրկված են եղել գործարարներ, պետական պաշտոնյաներ, հիմնել է նրա այդ ժամանակվա ամուսին և իրեն նախագահի պաշտոնում նախորդած Նեստոր Քիրշները: