ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:13 • 18.09.18

ԵՄ երկրները բրիտանական Սոլսբերիում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին գործի առնչությամբ նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ԵՄ խորհրդում աղբյուրը:

«Գագաթնաժողովին նոր սահմանափակումների սահմանում չի նախատեսվում: Այժմ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ պլանավորված չեն»,- ասել է նա:

Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ սեպտեմբերի 20-ին Զալցբուրգում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին ԵՄ առաջնորդները կքննարկեն Սկրիպալի և նրա դստեր թունավորման շուրջ իրավիճակը:

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ գաղտնազերծելով ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյայի թունավորման սկանդալային գործով երկու կասկածյալների անունները: Խոսքն Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի մասին է, որոնք Սկրիպալների դեմ հարձակումից մի քանի օր առաջ «Աէրոֆլոտ»-ի չվերթներից մեկով Մեծ Բրիտանիա էին մեկնել: