Հարավային Կորեայի նախագահը մեկնել է Փհենյան՝ հանդիպելու Կիմ Չեն Ընի հետ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը երեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին մեկնել է Փհենյան՝ հանդիպելու ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հաղորդում է РИА Новости-ն:
Եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում Հարավային Կորեայի նախագահը երկու անգամ կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ՝ քննարկելով հարաբերությունների հետագա բարելավման, Կորեական թերակղզում ռազմական լարվածության թուլացման, ապամիջուկայնացման և ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև երկխոսության զարգացման հարցերը: Հարավկորեացի նախագահին ուղեկցում է պատվիրակության 150 անդամ, որոնց թվում են նաև երկրի արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան և Հարավային Կորեայի առաջին տիկին Կիմ Չոն Սուկը:
Փհենյան հասնելուն պես տեղի կունենա Մուն Չժե Ինի ու հյուսիսկորեացի առաջնորդի միջև բանակցությունների առաջին փուլը, իսկ երեկոյան, ի պատիվ բարձրաստիճան հարավկորեացի հյուրերի, կտրվի համերգ ու հանդիսավոր ընդունելություն:
Բանակցությունների երկրորդ՝ վերջնական փուլը կանցնի չորեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, որից հետո Հարավային Կորեայի պատվիրակությունը կվերադառնա Սեուլ:










