Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

14:59 • 18.09.18

Մոսկվայում Իսրայելի դեսպանին ՌԴ ԱԳՆ են կանչել Սիրիայում Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռի կործաման առնչությամբ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախարարությանը:

«Ստեղծված իրավիճակի առնչությամբ Իսրայելի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանման և անձնակազմի զոհվելու համար մեղավոր է իսրայելական կողմը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ի մոտակայքում, Հմեյմիմ ավիաբազա վերադառնալից Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա կորել է ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ կապը: 

Գերատեսչությունը հայտնել է, որ Իլ-20-ը կորել է ռադարներից Լաթաքիա շրջանում սիրիական օբյեկտների ուղղությամբ չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ: 

ՌԴ ՊՆ-ի համաձայն՝ ռուսական ինքնաթիռը կործանվել է նրա հետևանքով, որ իսրայելցի օդաչուները այն դրել են սիրիական հակաօդային պաշտպանության հարվածի տակ: Ռուսական Իլ-20 ինքնաթիռը կործանվել է սիրիական C-200 հակաօդային պաշտպանության համալիրի հրթիռի կողմից, զոհվել է 15 ռուս զինծառայող:

ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հայտնել են, որ իսրայելական ինքնաթիռները կանխամտածված վտանգավոր իրավիճակ են ստեղծել Լաթաքիայի շրջանում, ավիացիայի կառավարման միջոցները չէին կարող չտեսնել Իլ-20-ը, քանի որ այն պատրաստվում էր վայրէջքի: Բացի այդ Իսրայելը նախատեսվող գործողության մասին ՌԴ-ին թեժ գծով տեղեկացրել է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել Իլ-20-ը դուրս հանել անվտանգ գոտի:

ՌԴ ՊՆ-ն Իսրայելի սադրիչ գործողությունները որակել է որպես «թշնամական» և հայտարարել է, որ իրեն համերժեք պատասխան գործողությունների իրավունք է վերապահում: