Դրանք կլինեն քայլեր, որոնք բոլորը կնկատեն. Պուտինը պատմել է Իլ-20-ի կործանմանն ի պատասխան քայլերի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական Իլ-20 ինքնաթիռը կործանվել է Սիրիայում «ողբերգական պատահական հանգամանքների շղթայի» հետևանքով, բայց խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ինչ վերաբերում է պատասխան գործողություններին, ապա դրանք կուղղվեն նախ և առաջ Սիրիայի Արաբական Հանրապետությունում մեր զինծառայողների, մեր օբյեկտների անվտանգության լրացուցիչ ապահովմանը: Դրանք կլինեն այնպիսի քայլեր, որոնք բոլորը կնկատեն»,- ասել է Պուտինը:
Նա միևնույն ժամանակ կոչ է արել չհամեմատել կործանված Իլ-20-ի հետ կապված իրավիճակը 2015 թվականի նոյեմբերի իրադարձությունների հետ, երբ ռուսական Սու-24-ը կործանվել էր թուրքական ռազմաօդային ուժերի կողմից:
«Այստեղ, ավելի շուտ, կարծես ողբերգական պատահական հանգամանքների շղթա է, որովհետև իսրայելական ինքնաթիռը չի կործանել մեր ինքնաթիռը»,- նշել է Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանման և անձնակազմի զոհվելու համար մեղավոր է իսրայելական կողմը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ի մոտակայքում, Հմեյմիմ ավիաբազա վերադառնալից Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա կորել է ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ կապը:
Գերատեսչությունը հայտնել է, որ Իլ-20-ը կորել է ռադարներից Լաթաքիա շրջանում սիրիական օբյեկտների ուղղությամբ չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ:
ՌԴ ՊՆ-ի համաձայն՝ ռուսական ինքնաթիռը կործանվել է նրա հետևանքով, որ իսրայելցի օդաչուները այն դրել են սիրիական հակաօդային պաշտպանության հարվածի տակ: Ռուսական Իլ-20 ինքնաթիռը կործանվել է սիրիական C-200 հակաօդային պաշտպանության համալիրի հրթիռի կողմից, զոհվել է 15 ռուս զինծառայող:
ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հայտնել են, որ իսրայելական ինքնաթիռները կանխամտածված վտանգավոր իրավիճակ են ստեղծել Լաթաքիայի շրջանում, ավիացիայի կառավարման միջոցները չէին կարող չտեսնել Իլ-20-ը, քանի որ այն պատրաստվում էր վայրէջքի: Բացի այդ Իսրայելը նախատեսվող գործողության մասին ՌԴ-ին թեժ գծով տեղեկացրել է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել Իլ-20-ը դուրս հանել անվտանգ գոտի:
ՌԴ ՊՆ-ն Իսրայելի սադրիչ գործողությունները որակել է որպես «թշնամական» և հայտարարել է, որ իրեն համերժեք պատասխան գործողությունների իրավունք է վերապահում:










