Միլիարդատեր Իլոն Մասկին դատի է տվել տղամարդը, որին նա «մանկապիղծ» էր անվանել

11:08 • 18.09.18

Բրիտանացի սուզորդ Վերնոն Անսուորթը, որը մասնակցել է Թայլանդի քարանձավներից մեկում շաբաթներ շարունակ արգելափակված երեխաների փրկարարական գործողությանը, փոխհատուցում է պահանջում իրեն «մանկապիղծ» անվանած գործարար Իլոն Մասկից: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:

«Մասկը պարբերաբար օգտագործել է Twitter-ի իր էջը և ԶԼՄ-ներում հրապարակված էլեկտրոնային նամակները, որպեսզի  ողջ աշխարհի առաջ հրապարակի պարոն Անսուորթի դեմ իր սուտ և զրպարտող՝ այդ թվում մանկապղծության մասին մեղադրանքները»,- ասված է հայցում, որը ներկայացվել է Կալիֆոռնիայի դատարան: Անսուորթը պահանջում է իրեն զրպարտող տեղեկությունների հերքում և 75.000 դոլար՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Հիշեցնենք, որ հուլիսին սուզորդը մասնակցել է Թայլանդում քարանձավից 12 երեխաների և նրանց մարզչի փրկարարական խոշոր գործողությանը: Նա հայտնաբերել էր նրանց գտնվելու հստակ վայրը և թիմ էր հավաքել, որին հաջողվել էր փրկել երեխաներին և մարզչին:

Մինչդեռ միլիարդատեր Մասկը և նրա SpaceX ընկերությունը Թայլանդ փոքր սուզանավ էին ուղարկել՝ առաջարկելով դրա միջոցով դուրս բերել երեխաներին: Անսուորթը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ սուզանավը հնարավոր չէ օգտագործել, և որ դա պարզապես PR քայլ է Մասկի կողմից:

Դրանից հետո Մասկը բազմիցս սուզորդին «մանկապիղծ» է անվանել: Ամերիկյան պարբերականների լրագրողներին ուղղված նամակներում Մասկը առաջ է քաշել տեսությունն այն մասին, որ Անսուորթը հատուկ բնակություն է հաստատել Թայլանդում անչափահասի հետ ամուսնանալու համար: Ավելի ուշ Մասկը ջնջել է թվիթերյան գրառումները և ներողություն է խնդրել՝ նշելով, որ հայտարարություններն արել է հույզերի ազդեցության տակ: