«Հիանալի զարգացում». Թրամփը ողջունել է Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդների միջև համաձայնությունների ձեռքբերումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է չորեքշաբթի Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում միջկորեական գագաթնաժողովին տեղի ունեցած «հիանալի» զարգացումները, հայտնում է Reuters-ը:
«Կիմ Չեն Ընը համաձայնել է թույլ տալ միջազգային փորձագետների կողմից միջուկային ստուգումները և նրանց ներկայությամբ փորձարկումների և արձակման կայանների վերջնական ապամոնտաժումը»,- ասել է Թրամփը Twitter-ում՝ անդրադառնալով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի բանակցությունների ժամանակ ձեռքբերված համաձայնություններին:
«Այդ ընթացքում չի լինի հրթիռային կամ միջուկային ոչ մի փորձարկում»,- հավելել է Թրամփը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ու նրա հարավկորեացի գործընկեր Մուն Չժե Ինը Փհենյանում կայացած բանակցությունների շրջանակում եկել են մի շարք կարևոր համաձայնությունների:
Կիմ Չեն Ընը համաձայնել է միջազգային դիտորդներին թույլ տալ հետևել՝ ինչպես են ընթանում հրթիռային կայանների ապամոնտաժման աշխատանքները: Բացի այդ, նա համաձայնել է սառեցնել միջուկային և հրթիռային փորձարկումների ծրագիրը, ինչպես նաև պարտավորվել է Հարավային Կորեայի հետ հարաբերությունների հետագա բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկել:
Հարավի և Հյուսիսի ղեկավարները համակարծիք են այն հարցի շուրջ, որ Կորեական թերակղզին պետք է լինի ապամիջուկայնացված, խաղաղ երկիր՝ առանց միջուկային սպառնալիքների:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են բուֆերային գոտիներ ստեղծել ցամաքային և ջրային սահմաններին՝ այդպիսով նվազեցնելով ռազմական լարվածությունը:
Աղբյուրը հավելում է, որ Սեուլն ու Փհենյանը պատրաստվում են նաև մինչ դեկտեմբեր ապառազմականացված գոտուց հեռացնել 11 պահակակետերը, ստեղծել համատեղ զինվորական հանձնաժողով, որի նպատակը կլինի Կորեական թերակղզում ռազմական գործողությունների կանխումը:
Հատկանշական է, որ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պայմանավորվել են համատեղ դիմում ներկայացնել՝ 2032թ. կայանալիք Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքը ստանալու համար:










