Ֆորթ Թրամփ. Լեհաստանի նախագահն առաջարկել է երկրում ամերիկյան ռազմաբազա ստեղծել ու այն կոչել Թրամփի անունով

10:30 • 19.09.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանի՝ երկրում մշտական ամերիկյան ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ դիմումը:  Նա ընդգծել է, որ ապագա ռազմաբազան կարող է Ռուսաստանից պաշտպանվելու միջոց լինել և որ Վարշավան պատրաստ է «միլիարդներ» վճարել դրա կառուցման համար, գրում է The Guardian-ը:

Թրամփն այդ մասին խոսել է Սպիտակ տանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայտնի է, որ ԱՄՆ-ի ու Լեհաստանի ղեկավարները ռազմաբազայի շուրջ քննարկում են ունեցել, որի ժամանակ Դուդան կատակով նշել է, որ այն կարելի է կոչել Թրամփի անունով ՝ «Ֆորթ Թրամփ»:

Թրամփը նշել է, որ համաձայնել է Դուդայի փաստարկների հետ առ այն, որ Ռուսաստանի գործողությունները, մասնավորապես՝ Վրաստանի և Ուկրաինայի հատվածների զավթումը, պահանջում է կոշտ պատասխան:

«Կարծում եմ՝ շատ ագրեսիվ իրավիճակ է: Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ագրեսիվ է վարվել: Նրանք հարգում են ուժը: Նրանք հարգում են ուժը, ինչպես բոլորը: Եվ մենք ունենք աշխարհի ամենամեծ ուժը՝ հատկապես հիմա»,- ասել է Թրամփը: