Արթուր Ասատրյանն արդեն ազատության մեջ է. 50 միլիոն դրամ գրավը վճարված է. փաստաբան

21:42 • 20.09.18

Արթուր Ասատրյանը (հայտնի «Դոն Պիպո» անվամբ-խմբ.) արդեն ազատության մեջ է, 50 միլիոն դրամ գրավը վճարված է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արթուր Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջին ատյանի դատարանն այսօր բավարարել է խափանման միջոցը փոխելու ներկայացրած միջնորդությունը, և իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվել է՝ 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակելով:

«Հաշվի առնելով, որ կալանքի հիմքեր չկան՝ նման որոշում կայացվեց: Սակայն, մենք կարծում ենք, որ գրավի չափը՝ 50 մլն դրամը, բավականին մեծ է: Արդեն իսկ Արթուր Ասատրյանի բարեկամներն ու մտերիմները վճարել են գրավը»,- շարունակեց Գեղամ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձերի առևանգումը և 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝մի խումբ անձանց կողմից հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը:

Նշենք, որ ԱԱԾ-ն 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում երկու տարբեր քրեական գործերով միաժամանակ իրականացրել է խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան