Ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի կունենա. Զոհրաբ Մնացականյան
Այս գործընթացը պահանջում է ժամանակ. Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Փաշինյան- Թրամփ հանդիպում նախատեսվում է, թե ոչ:
«Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ, ունենք բավականին տարբեր հարթակներ՝ միասին աշխատելու, և այդ հարցը պետք է գա, հասնի իր հանգուցալուծմանը»,-ասաց նա:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ մոտակա ժամանակներս կլինեն տարբեր հանդիպումների մասին տեղեկություններ: «Կլսեք այդ հանդիպումների մասին տարբեր մակարդակներով։ Ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպում կունենա»,- ասաց նա:
Զոհրաբ Մնացականյանը հրաժարվեց մեկնաբանել հարցը, որը վերաբերում էր նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, թե վարչապետին մոլորության մեջ են գցել՝ ասելով, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցով առկա է մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա:










