Մենք հույս ունենք, որ հայ ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունը 2008 թվականի մարտի իրադարձությունների հետ կապված․ Պյոտր Սվիտալսկի
Այն ազդանշանները, որ ստանում ենք որպես Հայաստանի գործընկերներ, հստակ են: «Ազատություն» ռ/կ-ի եթերով այսպես ասաց ԵՄ ՀՀ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Իշխանությունները հայտարարել են պատերազմ կոռուպցիային, իսկ այն առհասարակ անընդունելի է: Այն մարդիկ, որոնք գումար են փոշիացրել, պետք է պատասխանատվության կանչվեն: Այն մարդիկ, որոնք ապօրինի են հարստացել, նույնպես պատասխանատվության պետք է ենթարկվեն»,- նկատեց նա:
Նշեց, որ երկրորդ ազդակը, որ ստանում են ՀՀ իշխանություններից, այն է, որ դատավորները չպետք է ցուցումներ ստանան իշխանությունների կողմից, նրանք պետք է իրենց սեփական դատողությամբ առաջնորդվեն:
«Ընդհանուր տպավորությունը, որ կարծում եմ, դրսի աշխարհն է ստացել այս զարգացումների ընթացքում, այն է, որ Հայաստանում չկա անպատժելիության համար տեղ, չկան մարդիկ, որոնք իրենց օրենքից վեր պետք է դասեն: Սա այն տպավորությունն է, որ աշխարհը ստանում է, ես գոնե իմ մասով կարող եմ դա ասել»,- ասաց նա:
Անդրադառնալով դատական գործերին, որոնցում ներգրավված են նախկին պաշտոնյաներ և այլն՝ ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենց կարծիքն է, որ 2008 թվականի մարտի 1-ի գործը պետք է քննվի:
«Մենք հույս ունենք, որ հայ ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունը 2008 թվականի իրադարձությունների հետ կապված: Դատարանն աշխատում է, դրա համար չեմ ցանկանում մեկնաբանություններ անել, բայց կարծում եմ, որ Հայաստանում չպետք է վենդետա լինի: Կարծում եմ՝ օրենքի գերակայությունը, անկախ դատավարությունը պետք է լինեն այսպիսի գործերի հետ կապված հիմնական ցուցիչը,- ասաց նա՝ հիշատակելով, որ ՀՀ֊-ը ԵԽ անդամ է, և օրինակ՝ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է վճիռ «Մարտի 1-ի» հետ կապված,- այդ վճիռները շատ կարևոր են, և դա հստակ մոտեցում է ցույց տալիս, ցույց է տալիս, որ ՀՀ-ն ավելի լայն կառույցի մի մաս է, և եթե այստեղ մարդիկ չբավարարվեն, կարող են իրենց գործով դիմել ՄԻԵԴ և ակնկալել արդարություն: Շատ կարևոր է, որ հիմա Հայաստանում ուսումնասիրվեն Եվրոպական դատարանի այդ վճիռները»,- ասաց նա:










