Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ-ին կոչ է արել սկսել Լոս-Անջելես-Երևան ուղիղ չվերթների գործարկումը

18:50 • 20.09.18

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությանը՝ կոչ անելով բանակցություններ սկսել հայկական կողմի հետ Միացյալ Նահանգներից Հայաստան ուղիղ չվերթներ կազմակերպելու հարցով:

ԱՆԿԱ-ի նախագահ Ռաֆֆի Համբարյանը ԱՄՆ Քաղավիացիայի վարչության ղեկավար Դեն Էլուելին կոչ է արել կապ հաստատել Հայաստանի Քաղավիացիայի վարչության ղեկավարության հետ՝ հստակ քայլեր նախաձեռնելու նպատակով: Ինչպես վերջինս ընդգծել է, Լոս Անջելեսից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կհեշտացնեն ինչպես ուղևորների ճանապարհորդությունը, այնպես էլ տնտեսապես շահավետ կլինեն երկու կողմի համար:

«Հայաստան ուղևորություններն անցյալ տարվա ընթացքում կրկնակի աճ են գրանցել, և ԱՄՆ-ից Հայաստան չվերթների պահանջարկը շարունակում է աճել: Ներկայում ամերիկացի ճանապարհորդները ստիպված են լինում տարանցիկ երթուղով չվերթներ ընտրել Հայաստան հասնելու համար: Ուղիղ ավիաչվերթների գործարկումը տնտեսապես շահավետ կլինի ամերիկյան ավիափոխադրողների, ինչպես նաև հայկական ընկերությունների համար», - ասվում է նամակում:

ԱՆԿԱ-ի գնահատումներով՝ Լոս-Անջելես-Երևան ուղիղ ավիաչվերթների գործարկման լավագույն ժամանակահատվածը կլինի 2019-2020 թվականների զբոսաշրջային սեզոնը: