Դեսպան Մանվել Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

17:28 • 20.09.18

Սեպտեմբերի 19-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության վարչապետի տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահի հետ:

Ողջունելով հյուրին` Քուվեյթի արտգործնախարարը գոհունակությամբ ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ ունեցած արդեն 24-ամյա դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների գործունեությունը և կատարված մեծ աշխատանքը իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային կապերի ամրապնդման, մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման առումով։ Նախարարը դրվատանքով է խոսել դեսպան Բադեյանի՝ պաշտոնավարման ընթացքում տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու և զարգացնելու ջանքերի մասին, ինչպես նաև կարևորեց հայ համայնքի նշանակալից դերակատարությունը Քուվեյթում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը է հայտնել Քուվեյթի Հանրապետությանը և Քուվեյթի արտաքին գործերի նախարարությանը` ցուցաբերվող մշտական աջակցության և սերտ փոխգործակցության համար:

Դեսպան Բադեյանը իր խոսքում ևս կարևորել է տեղի հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերությունների համատեքստում՝ ընդգծելով Քուվեյթի պետության կողմից հայ համայնքի հանդեպ հոգատար և հյուրընկալ վերաբերմունքը: