Փոթորկի հետևանքով ԱՄՆ-ի ափերին թունավոր մրջյունների «կղզյակներ» են առաջացել (տեսանյութ)

03:59 • 20.09.18

ԱՄՆ-ում մոլեգնող «Ֆլորենս» փոթորկի հետևանքով Հյուսիսային ու Հարավային Կարոլինա նահանգների ափերին հրե մրջյունների (Solenopsis invicta) «կղզյակներ» են առաջացել, որոնք այժմ «լողում» են ջրում՝ լուրջ վտանգ ներկայացնելով բնակչության համար:

Միլիոնավոր թունավոր մրջյունների կուտակումների տեսանյութը հրապարակել է NBC News-ի թղթակիցներից մեկն իր թվիթերյան էջում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մրջյունները կառչում միմյանցից՝ առաջացնելով կղզյակներ, ինչն օգնում է նրանց գոյատևել ջրհեղեղների ժամանակ:

Խնդիրն այն է, որ մրջյունների այս տեսակը խիստ թունավոր է և ագրեսիվ: Մաշկի վրա հայտնվելու դեպքում մրջյունները խայթում են զոհին և դրանցից դժվար է լինում ազատվել անգամ ջրի շիթի միջոցով:

Հեռվից մրջյունների «կղզյակները» նման են հասարակ աղբի կամ ջրիմուռների կուտակման, սակայն նավակով դրանց դիպչելու դեպքում հազարավոր թունավոր միջատներ կհայտնվեն նավակում, ինչը կարող է շատ վտանգավոր լինել այդտեղ գտնվող մարդկանց համար: