Մալայզիայի նախկին վարչապետին յուրացված 628 միլիոն դոլարի առնչությամբ 21 մեղադրանք է առաջադրվել

11:20 • 20.09.18

Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը ձերբակալվել է, նրան փողերի լվացման գործով 21 մեղադրանք է առաջադրվել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պետական ներդրումային հիմնադրամի հետ կապված 628 միլիոն դոլարը հայտնվել է նրա անձնական բանկային հաշիվներում, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

Նաջիբը դատարանի առաջ կկանգնի հինգշաբթի: Ինչպես հայտնել է ոստիկանապետի տեղակալ Նուր Ռաշիդ Իբրահիմը, Նաջիբը մեղադրվում է նաև անօրինական եկամուտներ ստանալու 9 դեպքի առնչությամբ, անօրինական եկամուտներ օգտագրոծելու 5 դեպքի առնչությամբ և եկամուտները այլ մարմիններին փոխանցելու 7 դեպքի առնչությամբ:

Նաջիբն ավելի վաղ արդեն ձերբակալվել էր, նրան առաջադրվել էին մոտ 10 միլիոն դոլար յուրացնելու հետ կապված մեղադրանքներ: Այնուամենայնիվ, չորեքշաբթի տեղի ունեցած նրա ձերբակալությունը շատ ավելի առանցքային նշանակություն ունի, քանի որ այն կապ ունի հիմնադրամից իր բանկային հաշիվներում խոշոր գումարների հայտնվելու հետ կապված սկանդալի հետ:

Մայիսին 60 տարվա ընթացքում առաջին անգամ Մալայզիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմությունը: Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը, որի ղեկավարած  «Ազգային ճակատ» կուսակցությունն իշխանության է եղել 1957 թվականից ի վեր, հայտարարել է, որ ընդունում է «ժողովրդի կամքը»:

Մալայզիայում վարչապետի պաշտոնը ստանձնած Մահաթհիր Մոհամադը Մահաթիր Մոհամադը իշխանության գալով վերաբացել է հիմնադրամի վերաբերյալ հետաքննությունը և խոստացել է Նաջիբին դատարանի առջև կանգնեցնել: