WADA-ն վերականգնել է Ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակը

17:59 • 20.09.18

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի ինը անդամները քվեարկել են Ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակի վերականգնման օգտին, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկուսը դեմ են արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել: Այդ տեղեկությունը հաստատել է կազմակերպության ղեկավար Քրեյգ Ռիդին:

«Այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ WADA-ի գործադիր կոմիտեն առաջարկությունների համաձայն որոշում է կայացրել վերականգնել ՌՈւՍԱԴԱ-ի կարգավիճակը»,- ասել է նա:

Ռիդին ընդգծել է, որ եթե ռուսական կողմը խախտի Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալներին մուտքի տրամադրման ժամկետները, ՌՈւՍԱԴԱ-ն նորից կհեռացվի:

2015 թվականի նոյեմբերին ռուսական թեթև ատլետիկայում դոպինգի օգտագործման մասին գործի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքների արդյունքներով՝ WADA-ն որոշել էր, որ ՌՈւՍԱԴԱ-ն չի համապատասխանում Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին: