Daily Mail-ը «Զվարթնոց» օդանավակայանը համեմատել է տիեզերական քաղաքի հետ՝ կոչ անելով վերականգնել պատմական տեսքը
Բրիտանական Daily Mail պարբերականը հոդված է հրապարակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի №1 տերմինալի մասին՝ անդրադառնալով հայկական օդանավակայանի անցյալին և ներկային:
«Օդանավակայանի շենքն, ասես, մոնոլիթ տիեզերական քաղաք լինի, որը կարծես գիտաֆանտաստիկ գրականությունից եկած լինի: Իրականում այն Խորհրդային թագի թանկարժեք քարերից մեկն է եղել: Օդանավակայանի թիվ մեկ տերմինալը ժամանակին հյուրընկալել է Կրեմլի VIP ներկայացուցիչներին: Այժմ այն լքված է, փակված և սպասում է ապամոնտաժման», - գրում է պարբերականը:
Ինչպես հիշատակում է բրիտանական աղբյուրը, երբ այն կառուցվել է 1970-ականներին, մեկ ժամում ավելի քան 2500 ուղևոր է ճանապարհորդել «երկրի ամենաժամանակակից օդանավակայանի տերմինալով»:
«Կենտրոնական աշտարակում տեղակայված ռեստորանով և դեպի մայրաքաղաք Երևան բացվող տեսարանով այն շքեղության գագաթնակետն էր ուղևորների համար», - ընդգծում է աղբյուրը:
Պարբերականի գնահատմամբ՝ այժմ Զվարթնոց մտնելով, որը խաչմերուկ է եղել Ասիայի և Եվրոպայի միջև, թվում է, թե 4 տասնամյակ հետ ես գնում: Նշվում է, որ օդանավակայանի տերմինալը վատ վիճակում է գտնվում. մարմարե և բետոնե պատերը քարուքանդ են եղել, առաստաղից կաթում է, պատուհաններն էլ վնասված են կամ բացակայում են:
Բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը, որը ծանոթ է շենքի ճարտարապետությանը, Daily Mail-ի հոդվածում ՀՀ իշխանություններին կոչ է արել անել ամեն հնարավորն օդանավակայանի առաջին տերմինալի պատմական տեսքի պահպանման համար:










