Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա
Ավստրալական Քվինսլենդ նահանգի Ուիթսանդեյ կղզիների մոտակայքում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա և ծանր վնասվածքներ հասցրել, հաղորդում է Mercury-ն:
Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին: 46-ամյա կինը լողալիս է եղել նավակի մոտ, երբ շնաձուկը հարձակվել է նրա վրա և լուրջ վնասվածք հասցրել աջ ազդրի հատվածում: Կնոջը դուրս են բերել ջրից, սակայն արյան կորստի պատճառով նրա վիճակը ծայրահեղ ծանր է եղել:
Բարեբախտաբար, նավի վրա եղել է բժիշկ, որը դադարեցրել է արյունահոսությունը, որից հետո տուժածին փրկարարական ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց:
Պորտալը նշում է, որ Ուիթսանդեյ կղզիները Քվինսլենդի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից են: Այս հատվածում կան հատուկ թակարդներ շնաձկների համար, ինչի շնորհիվ դրանց հարձակումներն այդտեղ բավական հազվադեպ են լինում: Սակայն անվտանգության անգամ նման միջոցները միշտ չէ, որ պաշտպանում են հանգստացողներին:










