Կենտրոնական ընտրական հանձնաժողովում զանգերի թիվն աննախադեպ է եղել. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը, ներկայացնելով քվեարկության օրը ստացված դիմում-բողոքների, ԶԼՄ հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով զանգերի թիվը աննախադեպ է եղել:
«Դրանք հարյուրից ավելի էին, մեծամասամբ վերաբերում էին նրան, թե որտեղ պետք է մասնակցեն քվեարկության, կային հարցեր նաև, թե ինչ փաստաթղթով պետք է մասնակցեն»,- ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ ենթադրյալ խախտումները վերաբերում էին կահավորման խնդրին, որոնցից մի մասը չէր համապատասխանում իրականությանը: Նա նշեց, որ ահազանգեր կային, ըստ որոնց՝ տեղի է ունենում ընտրատեղամասում քարոզչություն, և քաղաքացիներից մեկը եղել է «դուխով» շապիկով, մեկ ուրիշն էլ նույն լոգոյով գլխարկով, նրանց զգուշացվել է, և նրանցից մեկը քվեարկել ու հեռացել է, իսկ մյուսը հանել է գլխարկը:
Նա նշեց, որ որոշ տեղեկություններ արդեն շտկվել էին, և ԿԸՀ–ի կողմից միջամտելու կարիք չի եղել: Նա նաև հայտնեց, որ ժամը ութից հետո երկու ահազանգ է եղել, որ վստահված անձը չի կարողանում ներս մտնել՝ հաշվի առնելով՝ ընտրատեղամասերը արդեն փակ են, սակայն այդ հարցերը արագ կարգավորվել են:










