Լրագրող Զարուհի Դիլանյանին չեն թողել ընտրատեղամաս մտնել, քանի որ բեյջ չի ունեցել. ԽԱՊԿ
Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ սեպտեմբերի 23-ին՝ ավագանու ընտրությունների օրը, գրանցվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման մեկ դեպք, որի մասին ահազանգ է եղել ոստիկանություն։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին տեղեկացրել է, որ դեպքը կապված է եղել Հ3 ՀԸ լրագրողի հետ, որը չի ունեցել լրագրողական բեյջ, և հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել մտնել ընտրատեղամաս։ Այլ մանրամասներ չհաղորդվեցին։
Այս մասին հայտնում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից:
ԽԱՊԿ-ին հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Հ3 ՀԸ լրագրող Զարուհի Դիլանյանի հետ։ Վերջինս հաստատել է, որ ինքը բեյջ չի ունեցել և Կենտրոնի 9/17 ընտրատեղամաս չի կարողացել մտնել. «Խնդիրը մեզ հետ է կապված եղել»։ Իսկ ոստիկանություն նա զանգել է՝ ճշտելու՝ արդյո՞ք կարող է ընտրատեղամաս մտնել անձնագրով։ Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում։










