Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտյան Նուբարաշենի թիվ 10/54 ընտրատեղամասում քվեարկեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Անդրադառնալով երեկ Ոստիկանության կողմից ԲՀԿ Աջափնյակի ընտրական շտաբում իրականացված գործողություններին՝ ոստիկանապետն ասաց. «Ոստիկանության բոլոր գործողություններն օրենքի շրջանակներում էին, ընթացքի մասին ձեզ կտեղեկացնենք»,-ասաց ՀՀ ոստիկանապետը:
Հիշեցնենք նաև, որ երեկ ընտրակաշառքի մասին հաղորդումներ եղան, և հարցին, թե արդյոք հաստատվել է փաստը, որ այդ ընտրական շտաբում ընտրակաշառք էր բաժանվում, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց` այդ փաստերը ուսումնասիրվում են, հենց նորություն լինի, կտեղեկացնեն:
Հարցին, թե Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել էր, որ այդ ահազանգերը սուտ մատնություն են, և Վալերիյ Օսիպյանին կոչ էր արել քրեական գործեր հարուցել սուտ մատնության հոդվածով և Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց գործ հարուցել սուտ մատնության հիման վրա և հայտնեց, որ ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Այսինքն՝ եթե մենք ահազանգ ենք ստանում, որ որևէ տեղ, ենթադրենք, հանցագործություն է կատարվում, որևէ տեղ ռումբ կա տեղադրված, ոստիկանությունը չգնա՞ այդ ահազանգի հետևից:
Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չեն տիրապետում, ոստիկանությունը տիրապետում է ողջ Հայաստանում օպերատիվ իրավիճակին, և ցանկացած ահազանգ, գրառում պարտադիր ուսումնասիրության առարկա պետք է դառնա»:
Դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանը նաև ասաց, որ եթե գործ չհարուցվի, կպահանջի ոստիկանապետի հրաժարականը, Վալերիյ Օսիպյանն ասաց. «է թող պահանջի»:
Tert.am-ի հարցին, թե այս պահի դրությամբ՝ մոտ երկու ժամ անց որևէ ահազանգ ստացվե՞լ է ընտրախախտումների վերաբերյալ, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է, ընտրությունն ընթանում է նորմալ հունով, և ընտրախախտումներ չեն արձանագրվել:
Tert.am-ի մյուս հարցին, թե ոստիկանապետը բազմիցս հայտարարել է, որ այս ընտրություններն աննախադեպ են լինելու, դրա համար ի՞նչ է արվել, Վալերիյ Օսիպյանն ասաց.«Մենք արդեն ունենք նախադեպ չունեցող ընտրություններ, քանի որ նախընտրական շրջանում չի արձանագրվել որևէ կոպիտ ընտրախախտում, այսինքն՝ ոստիկանությունն իրականացրել է համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ, ես դրական եմ գնահատում ոստիկանների աշխատանքը և այսօր էլ ստացել են համապատասխան հրահանգավորումներ, ցուցումներ և համապատասխան այդ ամենի իրականացնում են ծառայություն»:
Ոստիկանության պետը հայտնեց, որ ընտրակաշառք թեմայով մի քանի քրեական գործեր են հարուցված, իրականացվում է համապատասխան վարույթ: Նա չցանկացավ հայտնել, թե որ քաղաքական ուժի կամ ուժերի ներկայացուցիչներն են ընտրակաշառք բաժանել. «Որպեսզի չդիտվի որպես հակաքարոզչություն կամ քարոզչություն, այժմ ոչինչ չեմ ասի, կանդրադառնանք ընտրություններից հետո»:
Հիշեցնենք, որ երեկ «Անկախ դիտորդ» կազմակերպության անդամները մեդամոնիտորինգի ուսումնասիրության արդյունքներ էին ներկայացրել, և հարց ուղղվեց ոստիկանապետին, թե ի՞նչ կարծիքի է այն մասին, որ Վահե Էնֆիաջյանն ու կողմնակիցները ներխուժել են ասուլիսի դահլիճ և խոչընդոտել:
Ի պատասխան` Վալերիյ Օսիպյանն ասաց, որ ժամանակ չի ունեցել տեսագրությունը դիտելու, կուսումնասիրեն, կասեն:










