Քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ. Մերուժան Հակոբյան

20:53 • 23.09.18

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը ԿԸՀ-ում ներկայացրեց քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:

«Առավոտյան 08:00-ից մինչև 20:00-ն քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ»,- ասաց նա և նշեց, որ դրանցից ութ դեպք վերաբերում է ընտրողներին կաշառք տալուն, կաշառք ստանալուն, ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի իրականացման խոչընդոտելուն, երկու դեպք ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտելուն, մեկ դեպք մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, ինը դեպք մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, երեքը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 19-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 23-ը՝ տարբեր բնույթի արարքների:

Մերուժան Հակոբյանը նշեց, որ մնացած տասնութ դեպքերը, որոնք չնշվեցին, դրանցից 14 դեպք վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկ դեպք՝ քվեարկության գաղտնիության խախտման, երեք դեպք՝ ընտրողների՝ կաշառք տալ ստանալու վերաբերյալ:  

«Այդ դեպքերից տասնութը նյութերի նախապատրաստական փուլում են, մնացած բոլորով կատարվում են ստուգումներ»,- ասաց նա: