Եթե կեղծ ահազանգողները քրեական պատասխանատվության չենթարկվեն՝ հարց է առաջանալու՝ Վ. Օսիպյանն իրավունք ունի՞ շարունակելու իր գործունեությունը որպես ոստիկանապետ. Ն. Զոհրաբյան
Եթե ոստիկանությունն ընտրակաշառքի կեղծ ահազանգողներին սուտ մատնության հոդվածով քրեական պատասխանատվության չենթարկի, հարց է առաջանալու՝ Վալերիյ Օսիպյանն իրավունք ունի՞ շարունակելու իր գործունեությունը, որպես ոստիկանապետ, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
«12 օր ոստիկանությունը կազմալուծեց մեր ակտիվի աշխատանքը: 300-ից ավելի ակտիվիստների ժամերով պահել են բաժիններում: Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, կա՛մ Դուք ահազանգերի փաստեր եք ներկայացնում, կա՛մ մենք մտածելու ենք, որ ոստիկանապետի գործողություններում կա հստակ ուղղորդվածություն ԲՀԿ-ի հանդեպ, և, բնականաբար, առաջանալու է հարց՝ Դուք իրավունք ունե՞ք շարունակելու Ձեր գործունեությունը՝ որպես ոստիկանապետ, թե՞ ոչ»,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, որ ԲՀԿ ավագանու ցուցակի 33-րդ համար Աշոտ Անդրեասյանը ֆեյքերով արշավ է սկսել «Իմ քայլը» դաշինքի դեմ, Ն. Զոհրաբյանը նշեց. «Մեր երիտթևում շատ աշոտներ կան, ես չեմ կարող բոլորին անգիր հիշել: Դ. Իոաննիսյանը, որպես պրոֆեսիոնալ իրավաբան, ունի բոլոր հնարավորությունները դիմելու իրավապահ մարմիններին»:
ԲՀԿ քաղաքապետի թեկնածու նաև պատրաստվում է միջազգային հարթությունում բարձրացնել քարոզարշավի ընթացքում իր հասցեին հնչած հայհոյանքների հարցը:
«Ես հետամուտ եմ լինելու, ովքեր մեր երկիրը փորձում են տեղափոխել ատելության քարոզի, բարոյալքման դաշտ, ստանան իրենց պատասխանատվությունը: Մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել համերաշխության մթնոլորտում, բայց ես չեմ ներելու այն մարդկանց, ովքեր իմ երկիրը տեղափոխում են ատելության դաշտ»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ ոստիկանությանը տրամադրվել են համացանցում իր, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի հասցեին հնչեցված հայհոյանքների փաստերը: Ընդ որում, փաստերը վերաբերել են բացառապես պետական կառույցներում աշխատող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների և «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների կողմից հնչեցված հայհոյանքների մասով:
Հարցին, թե ԲՀԿ-ն կո՞ղմ է լինելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե մենք անգամ կողմ լինենք խորհրդարանը լուծարելուն և գնալուն արտահերթ ընտրություններին, դա լինելու է բացառապես մեր որոշումը: Դա չի լինելու որևէ մեկի ճնշմամբ, դիկտատով: Չի կարելի քաղաքական ուժերին սպառնալ ժողովրդով»:










