Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

12:45 • 23.09.18

Երևան քաղաքը վաղը կունենա նոր քաղաքապետ, և այսօր կարևոր օր է երևանցիների համար, իսկ նախորդ ընտրություններին գործող մեխանիզմներն այս ընտրություններին չեն գործում:

Այս մասին այսօր ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց   «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

«Այսօր, բնականաբար, մեր քաղաքացիները կատարելու են իրենց ընտրությունը: Ես կարծում եմ, որ այս ընտրություններն աննախադեպ են, որովհետև այ հենց հիմա ընտրական տեղամասի մոտ չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էինք նախորդ ընտրություններին, նրանց, ովքեր սովորաբար ինչ-որ բան էին նախաձեռնում, տանում, բերում և այլն: Այսինքն՝ մթնոլորտը շատ դրական է, և ես կարծում եմ, որ նորմալ ընտրություններ կընթանան, և մենք կունենանք այն պատկերը, որն առկա է Երևան քաղաքում»,-ասաց Արարատ Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ շտաբում ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգերին, շտաբից քաղաքացիներին ոստիկանություն հրավիրելուն, Արարատ Զուրաբյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա և դա չդարձնի ինչ-որ մի բան: Ես կարծում եմ, որ դա թյուրիմացություն էր, որովհետև ակնհայտ է եղել, որ բոլոր քաղաքական ուժերն էլ հստակ գիտակցել են, որ ընտրակաշառք և այլ երևույթներ չեն լինելու, և ես կարծում եմ, որ բոլորն էլ առաջնորդվել են այդ սկզբունքով»:

Հարցին, թե որ դեպքը նկատի ունի թյուրիմացություն ասելով, Արարատ Զուրաբյանն ասաց, որ ընդհանրապես, որ խոսակցություններ եղան շտաբեր մտնելու և այլն. «Ի վերջո, որևէ բան ի հայտ չեկավ, բայց ինչ-որ մթնոլորտի պղտորման տարրեր նկատվեցին: Ես կուզեի, որ ընդհանրապես նման բան չլիներ, էլի եմ ասում, որ գոնե մեզ բոլորիս համար պարզ է, որ այն մեխանիզմները, որոնք գործել են բոլոր նախորդ ընտրություններին, այսօր առկա չեն»,-ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե հանուն ինչ Երևանի կատարեց ընտրություն, Արարատ Զուրաբյանն ասաց. «Հանուն լավ ու մեր երազանքների Երևանի»: