Չինաստանում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք է արգելափակվել
Չինական իշխանությունները երեք ամիս տևած համազգային արշավի շրջանակում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք ու հաշիվ են արգելափակել, որոնք հիմնականում կասկածվել են պոռնոգրաֆիկ նյութերի տարածման համար:
Ինչպես հայտնում է Reuters-ը, արշավն իրականացվել է Պոռնոգրաֆիկ ու ապօրինի հրապարակումների դեմ պայքարի ազգային գրասենյակի կողմից:
Օգոստոսի վերջի դրությամբ հայտնաբերվել է օրենքի խախտման 120 դեպք, ինչպես նաև իշխանությունները դիմել են 230 ընկերության՝ պահանջելով շտկել խախտումները: Բացի այդ, համացանցում զտվել է վտագավոր տեղեկություն պարունակող ավելի քան 147.000 նյութ:
Իշխանությունների փոխանցմամբ՝ արշավն ապագայում է՛լ ավելի խիստ է շարունակվելու, որպեսզի առցանց միջավայրը լինի առողջ ու մաքուր՝ գռեհկությունից, սխալ արժեքներից զերծ:
Աղբյուրը հավելում է, որ ընթացիկ տարում Չինաստանում փակվել է մոտ 22.000 պոռնոկայք, ջնջվել է 1,756 մլն նմանօրինակ նյութ:










