Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել Այդահո նահանգում (լուսանկարներ)

18:21 • 23.09.18

Ամերիկյան Այդահո նահանգի խոշորագույն Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր հուշակոթող է բացվել:

Ինչպես հայտնում է Idaho Press-ը, հուշարձանն Աննա Ֆրանկի անվան մարդու իրավունքների հուշահամալիրի մի մասն է դարձել: Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող հուշակոթողը, որը բաղկացած է մի քանի մասից, կառուցվել է Այդահոյի հայ համայնքի միջոցներով:

Հուշարձանի օծման և բացման արարողությանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին, ներկա են գտնվել համայնքի ներկայացուցիչները: 

Հուշարձանի օծման կարգն իրականացրել է Բոյսեի հունական ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ Նեկտարիոս Սերֆեսը: